Washington Post-ում լույս է տեսել ամերիկահայ վիպասան, 18 գրքերի հեղինակ Քրիս Բոհջալյանի հոդվածը, որը վերնագրված է «Եղե՛ք նույնքան խիզախ, որքան Քիմ Քարդաշյանն ու Հռոմի պապը, պարո՛ն նախագահ. Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանեք»:
Բոհջալյանը գրում է, որ անցյալ կիրակի [ապրիլի 12 - ՍիվիլՆեթ] համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում էին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հռոմի պապը. առաջինը՝ Հայաստան իր այցելությամբ, երկրորդը՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հայոց մեծ եղեռնը որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» որակելով:
Հեղինակը վստահ է, որ այդ երկու իրադարձությունները իր՝ որպես Ցեղասպանությունը վերապրածների հետնորդի համար բեկումնային էին:
Այժմ հուսամ՝ նախագահ Օբաման կհետևի նրանց օրինակին, վերջապես կօգտվի առիթից և կանի նույնը՝ կատարելով 2008թ. քարոզարշավի իր խոստումը. Քրիս Բոհջալյան«Այժմ հուսամ՝ նախագահ Օբաման կհետևի նրանց օրինակին, վերջապես կօգտվի առիթից և կանի նույնը՝ կատարելով 2008թ. քարոզարշավի իր խոստումը: Յոթ տարի է՝ նա արդարությանը գերադասում է «ռեալպոլիտիկը»՝ խուսափելով «ցեղասպանություն» բառից և փորձելով գոհացնել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից Թուրքիային, որը, ի պատասխան, շատ քիչ բան է առաջարկում»,- գրում է Բոհջալյանը՝ պատմելով, թե ինչպես են ամեն տարի ապրիլի 24-ին հայերը ոգեկոչում Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ «ոճիր, որը քչերն են ճանաչել, և որը հաճախ կտրականապես հերքվում է»:
«2008թ. ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման քարոզարշավի ժամանակ ասել էր. «Ամերիկան արժանի է մի առաջնորդի, որն ազնվորեն կխոսի Հայոց ցեղասպանության մասին, և որը վճռականորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդպիսի նախագահ»,- գրում է Քրիս Բոհջալյանը:- Սակայն վերջին վեց տարիներին ամեն ապրիլի 24-ի նա «ցեղասպանություն» բառի փոխարեն դիմում է էվֆեմիզմի [մեղմաբանություն – խմբ.]՝ խուսափելով Թուրքիային զայրացնելուց»:
Բոհջալյանը նկատում է, որ դա, սակայն, չի օգնել Օբամային, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան թույլ չի տա, որ իր «Ինջիրլիք» ռազմակայանից ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնեն «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքին վիճակին, ապա, ըստ Բոհջալյանի, երկրի իշխանությունները դաժանորեն ճնշում են լրագրողներին, այնպես որ՝ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության 2015թ. համաշխարհային ցուցիչում» Թուրքիան 149-րդ հորիզոնականում է՝ հետ մնալով Մյանմարից և աֆրիկյան մի շարք պետություններից: Հեղինակը Քիմ Քարդաշյանին անվանել է Քարդաշյանների կայսրության երևելի ներկայացուցիչ: «Մի տարում, երբ քրիստոնեական աշխարհի ամենատեսանելի առաջնորդն ու Քարդաշյանների կայսրության երևելի ներկայացուցիչը կանգնեցին՝ պատասխան պահանջելու, աշխարհը, այդ թվում՝ մեր երկիրը, պետք է ճանաչի, սգա և դատապարտի այդ ոճիրը: Այսօր ես հույս ունեմ, որ նախագահը կամրապնդի իր՝ որպես պետական գործչի թողնելիք ժառանգությունը, կմշակի բարոյական հստակ ուղեցույց, կբարձրաձայնի մինչ այս պահը չբարձրաձայնվածը և կցուցաբերի նույն խիզախությունը, ինչ Պապը՝ մեր ողբերգությունը կոչելով իր անունով՝ Ցեղասպանությո՛ւն»,- եզրափակել է Քրիս Բոհջալյանը:
Civilnet











