System of a Down-ը երախտիքի ուղերձ է հղել Ֆրանսիային

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ապրիլի 14-ին հանդես է եկել աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը: Համերգը Ֆրանսիայում միակն է եղել և տեղի է ունեցել խմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake up the souls Tour 2015 խորագրով համերգային շրջագայության շրջանակում:
Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի կոչ էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Սերժ Թանկյանի կողմից երախտիքի ուղերձ է հղվեց Ֆրանսիային և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ արդարացի դիրքորոշման համար:
Համերգից հետո Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Լիոնի 1-ին փոխքաղաքպետ Ժորժ Կեպենեկյանը և այլ պաշտոնատար անձինք հանդիպել են System of a Down ռոք-խմբի անդամների հետ:
Նիկոլայ Սարկիսովը շնորհակալագիր է հանձնել խմբի անդամներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լիոնում աննախադեպ համերգային ծրագրի իրականացման համար:
System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» խորագրով համերգների շարքը սկսվել է ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում: Երկրորդ համերգը տեղի է ունեցել Լոնդոնում ապրիլի 10-ին, այնուհետ Գերմանիայում՝ Քյոլնում ապրիլի 13-ին, ապա, Լիոում: Հաջորդ համերգը Բրյուսելում է ապրիլի 16-ին, այնուհետ Նիդեռլանդներում Ամստերդամում՝ ապրիլի 17-ին, Մոսկվայում՝ ապրիլի 20-ին: Ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, համերգային ծրագրով խումբը առաջին անգամ ելույթ կունենա նաև Երևանում` Հանրապետության հրապարակում:
Իրադարձություն
Civilnet










