Գլխավոր Լրահոս

ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է ծրագրերի ֆինանսավորման կրճատումը

ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է ծրագրերի ֆինանսավորման կրճատումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորման կրճատման պատճառը: Դեսպանությունը նշել է, որ ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է ԱՄՆ-ի բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, և որևէ կերպ կապված չէ ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ: Այս մասին ապրիլի 15-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը ասել էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ստորև ներկայացված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունն ամբողջությամբ:

ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է ներկայացնել 2015 բյուջետային տարում ԱՄՆ կառավարության օժանդակության  մասով նախանշվող փոփոխությունները, որոնք գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից:

Միացյալ Նահանգների օժանդակության բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ընթացիկ ու նորահայտ մարտահրավերները, նախագահ Օբամայի քաղաքականությունը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, դաշնակիցների ու գործընկերների առաջ անվտանգության առումով ստանձնած մեր հանձնառությունները և մեր ջանքերը` ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը և խաղաղապահ գործունեությանը: Վերջին տարվա նոր գլոբալ առաջնահերթությունների ու զարգացումների արդյունքում (այդ թվում` էբոլայի հետ կապված ճգնաժամը, «Իսլամական պետությունը», Սիրիան և Ուկրաինան) դժվարին որոշումներ պետք է կայացվեն մեր օժանդակության ծրագրերի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Այս նոր առաջնահերթություններից բխում է, որ աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ Եվրոպային ցուցաբերվող օժանդակության ծավալները զգալիորեն նվազում են: Ահա այս համատեքստում էլ կատարվել է Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատում: Մեր որոշակի օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է մեր բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, և դա որևէ կերպ կապված չէ մեր իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ:

Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե´ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ), թե´ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա: Կրճատումների գումարային չափը առայժմ դեռ պարզ չէ, սակայն դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ:

Չնայած այս կրճատումներին` ԱՄՆ ՄԶԳ-ը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը 2013թ. մշակված հայաստանյան ռազմավարությամբ վերհանված գերակա ուղղություններով, որոնց ձևավորման հարցում իրենց ներդրումն են ունեցել ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և մեր հայ գործընկերները: Այս գերակա ուղղությունները ներառում են` տնտեսական աճ գյուղի զարգացման ոլորտում, տուրիզմ, ջրային և էներգետիկ անվտանգություն ու կառավարում, մարդկային կապիտալի զարգացում, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, հակակոռուպցիոն աշխատանքներ և երեխաների պաշտպանություն:

Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարևան երկրների հետ, և ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում:

Ամերիկյան կառավարության օժանդակությունն ուղղվում է նաև մեր երկկողմ համագործակցության այլ ոլորտների, որոնց թվում են շարունակական աջակցությունն ընթացակարգերի մշակման հարցում, որոնք ապահովում են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն ու Հայաստանի ավելի մեծ էներգետիկ անվտանգությունը, արդարադատության ոլորտի ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև ընտանեկան բռնությունների նոր ստորաբաժանման կարողությունների զարգացման նպատակով ոստիկանների ուսուցումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ևս շարունակում է սերտորեն աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ հայ խաղաղապահների կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների հարցում:

1992-ից ի վեր Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում