Գլխավոր Լրահոս

«Վատիկան գործողությունը» և ցեղասպանությունների համեմատությունը. Շահան Գանտահարյան

«Վատիկան գործողությունը» և ցեղասպանությունների համեմատությունը. Շահան Գանտահարյան
Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել ««Վատիկան գործողությունը» և ցեղասպանությունների համեմատությունը» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև: Ապրիլի 12-ին Վատիկանում արձանագրվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդհանուր շրջագծում կարող է բնորոշվել իրադարձային հանգամանքով: Հայկական գործոնը` իր պետական, հոգևորական և դիվանագիտական բարձրագույն մակարդակներով ծրագրավորված և համակարգավորված արդյունավետ աշխատանքի արգասիքը ապահովեց անցյալ կիրակի քրիստոնյա աշխարհի կենտրոնատեղում: Հետադարձ հայացքը կարող է բացատրողական լինել մեկնաբանելու համար մեր երկրի նախագահի դեպի Վատիկան ու Հռոմ կատարած այցելությունները, Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն հաստատելու, արտակարգ  ու լիազոր դեսպան հավատարմագրելու, հայկական արվեստի, մշակույթի բարձրորակ ցուցադրություններ կազմակերպելու. տակավին` հայ կաթողիկե համայնքի կամրջման դերակատարությունը, վեհափառ հայրապետների մասնակցությունն ու բարձրացրած հարցերի և պահանջատիրական ու իրավատիրական համազգային առաջադրանքները  համայն աշխարհին լսելի դարձնելու իրողությունները: Այս բոլորն անառարկելի իրականություններ են, որոնց արգասիքը համապարփակ և փոխլրացուցիչ աշխատանքների պարունակում պետք է տեսնել` նկատելով նաև Վատիկանում արձանագրված Համահայկական հռչակագրի ճշտած առաջադրանքների միջազգային լուսարձակման փաստը: Իրավամբ, Վատիկանը ազդանշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախաձեռնված նշումների ամենից տարողունակ և միջազգային մակարդակի վրա ամենից արձագանքող հանգրվանը: Մինչ այժմ: Սա նշանակում է, որ առնվազն միևնույն բարձրակետի վրա մնացող այլ կարևոր իրադարձություններ ևս կիրականանան մինչև ապրիլի 24-ը: Վատիկանի գործողության մեկնաբանման մեջ գուցե օգտակար պիտի լինի նաև դիտարկել քաղաքական այժմեական հնչեղություն ունեցող այլ երևույթներ և  հանգամանքներ ևս: Թուրքական կարծր հակազդեցության շարունակականությունը նախ և առաջ կարող է մեկնաբանվել հերթական հակազդեցություն` ցեղասպանության  հերթական ճանաչման առիթով: Նման ընթացքների, արդեն սովոր ենք ակնկալելու, որ հռետորության շեշտերը կնվազեն և տուն կանչված դեսպանը անաղմուկ կվերադառնա իր աշխատանքին: Թերևս նախապես իմանալով նման քայլի անարդյունավետության մասին` թուրքական իշխանությունը կատարում է այն, ավելի շուտ հետագա նմանօրինակ նախաձեռնությունները կանխելու ցանկությամբ: Անկարայի ցուցադրած զգուշացումն ու կոպիտ արձագանքումը թվում է, որ միայն ցեղասպանության եզրի օգտագործմանը չի վերաբերում: Ֆրանցիսկոս պապի խոսքի հետևյալ բաժինը ներկայացնում է որոշակի դիտարժանություն: Այսպես. «Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելիության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, ողջ-ողջ հրկիզվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք սրտի, ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այս զուգահեռը գծելը ամենից հզոր հարվածն է հասցված Անկարային: 20-րդ դարի առաջին և 21-րդ դարի մերօրյա ցեղասպանությունների համեմատություններով, Ֆրանցիսկոս պապը խորքի մեջ զուգահեռ  գծում անցյալի ցեղասպանի և այսօրվա ցեղասպանների միջև և իրականացված ջարդերով, տեղահանություններով և սպանդներով նույնացնում է դրանց։ Թվում է, որ միջինարևելյան տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումների  հետևում այս ձևով երևում է Օսմանյան կայսրության ներկա ժառանգորդը, որը զինում է, աջակցում և ֆինանսավորում ցեղային զտումներ գործադրողները: Ցեղասպանության մասին Վատիկանում գտնվող արխիվների բացահայտման մասին  լուրերը, եզրի օգտագործման և չօգտագործման թեականության շրջանառությունը և դեռևս Ծիծեռնակաբերդ պապի առաջիկա այցելության շուրջ ստեղծված անորոշությունը այս ձևով շրջվել են։ Իրերը կոչվել են իրենց անուններով և հարցի միջազգայնացման համար կատարվել է ժամանակակից ցեղային զտումների հետ համեմատություններ: Վատիկանի կողմից Ցեղասպանության հարցի բարձրաձայնման նման առաստաղի բարձրացումը մտածել է տալիս, որ պատմական ճշմարտության ճանաչման և  դատապարտման իրականությանն առընթեր, կա նաև ամբողջ տարածաշրջանում ապաքրիստոնեացման գործընթացի հետևում կանգնած ուժի մատնացույց անելը, դատապարտելը: Միևնույն պատասխանատուն տեսնելը: «Այսօր ևս ապրում ենք մի  տեսակ ցեղասպանություն, որի պատճառը լռությունն է»: Պապի այս հայտարարությունը համահունչ է հայկական կողմի որդեգրած մոտեցմանը: Ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չկրկնվեն նոր ցեղասպանություններ: Սկզբունքային այս մոտեցումները հայկականից միջազգային անցման քայլ են կատարում: Վատիկանը դա է հաստատում։ Ընդհանրապես, համաշխարհային այն մեծ արձագանքը, որը ներկայումս դրսևորվում է միջազգային քաղաքական, կրոնական, մշակութային, քարոզչական բեմերի վրա, մտածել է տալիս, որ գուցե այս ամենը նաև անուղղակի դրսևորված վերաբերում է  թուրքական  վարքագծին ի պատասխան: Ինչ որ այս դեպքում կարող է ունենալ հետագա ավելի հեռուն տանող զարգացումներ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում