Գլխավոր Լրահոս

Բանավեճ Վրաստանի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման շուրջ

Բանավեճ Վրաստանի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման շուրջ

Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով, հաղորդում է «Գրուզիա Օնլայն» կայքը:

Խորհրդարանականը հայտարարել է, որ տեղի ունեցածի ճանաչումը անհրաժեշտ է ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:

«Հարցը պատմականորեն է կարևոր: Մենք, չնայած ծագումով հայ ենք կամ այլ ազգի ներկայացուցիչ, Վրաստանի քաղաքացիներ ենք: Մենք մի երկրի զավակներ ենք և պետք է ապրենք խաղաղության ու միասնության մեջ: Դրա համար կարևոր է, որ պատմական իրադարձությունները ճիշտ գնահատվեն: Հուսամ՝ Հայաստանն ու Թուրքիան ընդհանուր լեզու կգտնեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար: Հենց դրա համար է կարևոր պատմության համարժեք գնահատականը: Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մինչև այսօր հսկայական ցավ է հայ ժողովրդի համար: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների՝ Եվրախորհրդի, Եվրամիության կողմից: Վստահ եմ, որ մի օր մենք կկարողանանք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում պատմության այս ծանրագույն էջի հարցում: Ցեղասպանության դատապարտումը կնպաստի ապագայում բոլոր ժողովուրդների՝ նման հանցագործություններից պաշտպանությանը: Վստահ եմ, որ եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, աշխարհի տարբեր ծայրերում նմանատաիպ ողբերգություններ տեղի չէին ունենա: Նման հանցագործություն չպետք է կրկնվի և ոչ մի ժողովրդի նկատմամբ: Կոչ եմ անում բոլոր ժողովրդավար երկրներին, որտեղ դեռ չի դատապարտվել ու գնահատվել այս փաստը, ճանաչել տեղի ունեցածը»,- ասել է Սամվել Պետրոսյանը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, Սամվել Պետրոսյանին մի քանի անգամ փորձել են ընդհատել: Ավելի ուշ պարզվել է, որ հայ պատգամավորի ելույթի ժամանակ դժգոհություն հայտնողը ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր, Պետրոսյանի կուսակից Ազեր Սուլեյմանովն է եղել, որը Հայոց ցեղասպանությունն անվանել է «հորինված ցեղասպանություն»: Սուլեյմանովին աջակցել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Մահիր Դարզիևը: Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը կբարդացնի հարաբերությունները Վրաստանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության վրացի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին, փորձելով մեղմել լարվածությունը, բոլոր պատգամավորներին կոչ է արել անկախ իրենց քաղաքական պատկանելությունից՝ հետագայում ձեռնպահ մնալ «խորհրդարանում այդ թեմայի քննարկումից»:

Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի խորհրդարանում առաջին անգամ չէ, որ բարձրացվում է. նախկինում թեժ քննարկումներն անգամ բախումների են հանգեցրել: Մինչդեռ ապրիլի 15-ին հաջողվել է խուսափել բռնությունից. խորհրդարանի խոսնակը հստակ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել:

Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Վրաստանի ղեկավարները երևանյան այցերի ժամանակ այցելում են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դնում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում