Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Երևանի Ավան համայնքում 49.3 միլիոն դոլար է ներդնելու ուսումնամարզական համալիրի կառուցման համար:
Ավան համայնքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը մասնակցել են նաև «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Շինարարության նախնական արժեքը կազմում է 49,3 մլն դոլար: Այն ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից: 31 841 քմ ընդհանուր մակերեսով համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ և պարասրահ: Նախագծի համաձայն՝ ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո, հիշյալ տարածքում կարճ ժամանակահատվածում կկառուցվի նաև Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված 5500 քմ պուրակը:
Civilnet











