Խաչքարի օծման արարողություն ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի կենտրոնակայանում ապրիլի 15-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողություն: Խաչքարը հանդիսանում է Հայաստանի կառավարության նվերը ՄԱԿ-ին:
Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդներ Խաժակ Արքեպիսկոպոս Բարսամյանն ու Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը, ՄԱԿ-ի անդամ պետությունների, քարտուղարության, տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ։
Դեսպան Մնացականյանը նշել է, որ 12-ից 13-րդ դարերում կերտված այդ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդին՝ միավորված ազգերի ընդհանուր տանիքի ներքո: Դեսպան Մնացականյանը նշել է, որ խաչքարերը, հանդիսանալով հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մաս, 2010թ. ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Դեսպանը հավելել է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ որոշումից ընդամենը մի քանի տարի առաջ Նախիջևանում բարբարոսաբար ավերվել են Հին Ջուղայի գերեզմանատան նշանավոր խաչքարերը։
Ելույթ է ունեցել նաև «Metropolitan» արվեստների թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի բաժնի բյուզանդական արվեստի համակարգողը, որը անդրադարձել է խաչքարի նշանակությանը և ներկայացրել է Գեղարդի վանքից բերված այդ խաչքարի պատմությունը։
Իրադարձություն
Civilnet










