Գլխավոր Լրահոս

Մատենադարանում բացվել է «Վերապրած ձեռագրեր» ցուցադրությունը

Մատենադարանում բացվել է «Վերապրած ձեռագրեր» ցուցադրությունը
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ-թանգարանում ապրիլի 17-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրությունը  և տեղի է ունեցել «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենյան հայոց կաթողկիոս Գարեգին Բ-ն: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով: Կոչվել է Կարմիր Ավետարան: Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն: 19-րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից-ձեռք և 20-րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով և տեղափոխելով եկեղեցուց:«Վերապրած ձեռագրեր» ցուցադրության մեջ ընդգրկված են բացառիկ ձեռագրեր և արխիվային փաստաթղթեր։ Հատուկ շեշտադրում է ստացել Ամենայն Հայոց Գևորգ V Կաթողիկոսի և նրա կարգադրությամբ ձեռագրերի փրկության առաքելությամբ Արևմտյան Հայաստան ուղարկված հանձնախմբերի գործունեությունը։ Ցուցադրության մեջ առանձնակի տեղ են գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի կյանքն ու գործը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր և 12 000 մարդ։ Ցուցադրությունը ներառում է Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ հայկական բնակավայրերից բերված ձեռագրական հավաքածուները, հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհ. Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ և այլն։ Հիմնական ցուցադրությունը ևս համալրվել է ցեղասպանությունից փրկված ձեռագրերով։ Բոլոր ցուցադրություններն ունեն գիտական հենք և փոխշաղկապված են։ Ցուցադրություններն ընթանալու են 6 ցուցասրահներում: «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է 1919-23թթ այն պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանությունները Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց Մեծ եղեռնից փրկված և Սիրիայի անապատներից նորից հայրենիք`իրենց տները վերադարձած գաղթականներին:Ֆիլմի սցենարի հեղինակը Մատենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանն է, ռեժիսորը՝ Արա Շիրինյանը: Ֆիլմը արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում