Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կժամանի Երևան՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը:
Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակում կկայանա ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Նույն օրը Թուրքիայում կանցկացվեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:
***
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան հնարավոր այցի հարցը դեռ դիտարկվում է: Պեսկովն ասել էր, որ նույն օրը Թուրքիայում անցկացվելու են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց Ռուսաստանը ներկայացված է լինելու բարձր մակարդակով:
Ապրիլի 8-ին Մոսկվայում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Երևանում սպասում եմ Պուտինի այցին:
Թուրքիան յուրքանչյուր տարի Գալիպոլիի ճակատամարտին [տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անտանտի պետությունների նախաձեռնած Դարդանելի օպերացիայի ժամանակ - ՍիվիլՆեթ] նվիրված միջոցառումները նշում էր մարտի 19-ին: Այս տարի, սակայն, որոշել է տոնակատարությունը կազմակերպել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի օրը: Անկարայի կողմից Գալիպոլիի տոնակատարության տեղափոխումը և օտար պետությունների ու կառավարությունների ղեկավարների հրավիրումը Թուրքիա Հայաստանում դիտվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու փորձ: