Մի քանի օր հետո համայն հայությունը և համաշխարհային հանրությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը լինելու է 100-ամյակի գագաթնակետը: Այս տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնցից երեքը կարևորագույն նշանակություն ունեցան Հայոց Մեծ եղեռնի և Հայրենազրկման մասին համաշխարհային հանրությանը կրկին հիշեցնելու, իսկ չիմացողներին՝ տեղեկացնելու հարցում: Երեք իրադարձություններն էլ Թուրքիայում ընդունվեցին հոխորտանքով ու սպառնալիքներով:
Այդ երեք իրադարձություններն էին՝ առաջին` ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված պատարագը, երկրորդ՝ Եվրախորհրդարանի ապրիլի 15-ի ընդունած բանաձևը, երրորդ՝ աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ և ամուսնու այցը Ծիծեռնակաբերդի բարձունք:
Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, կարող է դառնալ 100-ամյակի ամենակարևոր իրադարձությունը արդեն կայացած և կայանալիք ձեռնարկների շարքում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեծ սեր ու ժողովրդայնություն է վայելում աշխարհի շուրջ մեկ միլիարդ կաթոլիկների շրջանում: Այդ պատճառով պատարագը, որը կարելի է համարել պատմական, Հայոց ցեղասպանության ժողովրդայնացման հարցում ուներ բացառիկ նշանակություն: Սրան ավելանում է այն իրողությունը, որ պատարագին մասնակցում էին Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը, Հայաստանի բարձրաստիճան պետական այրեր, բազմաթիվ հայեր Սփյուռքից: Բացի այդ` Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում՝ հիշատակելու Հայոց ցեղասպանությունը:
2001թ. սեպտեմբերին հանգուցյալ Հովհաննես Պողոս Բ պապը հաղթահարել էր Ծիծեռնակաբերդի բարձունքը և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 81-ամյա Պապը դողացող ձեռքերով կարմիր վարդ էր դրել անմար կրակի մոտ և աղոթք հղել առ Աստված` անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում Պապի անունից տնկվել էր եղևնի, որի ցուցատախտակին գրված է. «Հիշի՛ր, Տեր, այս ազգի որդիների տառապանքը և օրհնի՛ր Հայաստանը»:
Կարևոր նշանակություն ունի ապրիլին 15-ին Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը, որում հիշատակվում է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապրիլի 12-ի հայտարարությունը: Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 1987-ի հունիսի 18-ին, երբ Հայաստանը անկախ չէր և մաս էր կազմում Խորհրդային Միության: Որևէ կերպ չթերագնահատելով 1987-ի բանաձևը, ավելին՝ դա համարելով Հայ դատի անձնուրաց աշխատանք` պետք է, այնուամենայնիվ, ընդգծել, որ նոր բանաձևը շահեկանորեն տարբերվում է 1987-ի բանաձևից: Մասնավորապես, նախորդ բանաձևում խստորեն դատապարվում էր «ամեն տեսակի բռնությունն ու ահաբեկչությունը» թուրք դիվանագետների նկատմամբ, որ իրականացնում էին հայկական «մեկուսացված խմբավորումները»: Թեև անուններ չէին նշվում, սակայն հասկանալի էր, որ խոսքը առաջին հերթին ԱՍԱԼԱ-ի և հավանաբար Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների մասին էր: Այս երկու խմբավորումները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 1975-ից վրիժառուական գործողություններ էին իրականացրել թուրք դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ՝ ի բողոք այն իրողության, որ համաշխարհային հանրությունը մոռացության է մատնում Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանության մասին նախկինում ընդունված նմանօրինակ բանաձևերի շարքում ամենից կուռն ու հիմնավորներից մեկն է: Գուցե շատ հայերի համար այդ բանաձևի մի քանի կետեր անընդունելի լինեն, մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կոչելու հորդորը, սակայն մյուս կողմից, պետք է հասկանալ, որ միջազգային բանաձևերը չեն կարող ամբողջովին բավարարել մի կողմի շահերը և արհամարհել մյուս կողմին: Բացի այդ` Հայաստանը մինչև այսօր հայտարարում է, որ պատրաստ է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եթե Թուրքիան առաջինը վավերացնի դրանք: Այնպես որ, Հայաստանի այսօրվա ղեկավարության համար այդ կետը ևս լիովին ընդունելի է:
Մինչև ապրիլ 24-ը կայացած ձեռնարկների շարքում, բացի Հռոմի պապի մատուցած պատարագն ու Եվրոպական խորհրդարանի բանաձևը, կարևոր էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քրդաշյանի, նրա քրոջ և ամուսնու՝ համաշխարհային ռեփեր Քանյե Ուեսթի այցը Հայաստան: Միջազգային առաջատար լրատվամիջոցների կիզակետում մի քանի օր Քարդաշյանն էր ու Հայաստանը: Քարդաշյանը այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը ևս դարձավ կարևոր նորություն համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում: Հաշվի առնելով այն իրականությունը, որ Քարդաշյանը այսօր հավանաբար ամենից հայտնի հայն է աշխարհում, նրա այցը Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանության ժողովրդայնացման և համաշխարհայնացման հարցում չափազանց կարևոր էր:
Մի քանի օր հետո հայ ժողովուրդը հերթական անգամ բռնելու է Ծիծեռնակաբերդի բարձունքի ճամփան: Նրան են միանալու ախարհի տարբեր պետությունների ղեկավարներ: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մեկ դար է անցել մարդկության պատմության ամենից սարսափելի դրվագներից մեկից:
Թաթուլ Հակոբյան











