Գլխավոր Լրահոս

«Ցեղասպանություն» բառը հասկանալի է. Գերմանիայի արտգործնախարար

«Ցեղասպանություն» բառը հասկանալի է. Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ ցավոտ անցյալին առնչությունը միշտ պիտի նպատակում ունենա հաշտեցման լուրջ փորձերը։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Բունդեսթագի պատգմավորներն ազատ են հայերի նկատմամբ անցյալ դարասկզբի թուրքական վայրագությունները բնորոշելու ցեղասպանություն, գրում է գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը ապրիլի 20-ի համարում։ Մինչ այս արտգործնախարարությունում գտնում էին, որ այս իրադարձությունների շուրջ ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկվող բանաձևում պետք է խուսափել «ցեղասպանություն» եզրի օգտագործումից։ Ըստ պարբերականի՝ Շտայնմայերի քաղաքական այս նոր գիծը համաձայնեցված է Դաշնության նախագահի գրասենյակի հետ։ Հոդվածից հատվածներ գերմաներենից թարգմանաբար ներկայացված են ստորև:

Շտայնմայերը, որը ներկայացնում է երկրում իշխող կոլաիցիայի մաս կազմող Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD), պարբերականի հետ զրույցում նշել է, որ գործադրված բռնության, դաժանության մասին զեկույցներն անգամ այսօր կարող են զրկել խոսելու ունակությունից։ «Այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, հնարավոր կլիներ ամփոփել ցեղասպանություն եզրով, և ես կարող եմ հասկանալ դրա հիմքերը, ավելին՝ զգացումները»,- պարբերականին ասել է նախարարը։

Սրանով իսկ Շտայնամերը Բունդեսթագի պատգամավորներին սեփական դիրքորոշումն արտահայտելու և «Ցեղասպանություն» եզրն օգտագործելու ավելի լայն հնարավորություն է ընձեռում։ Մինչ այս արտգործնախարարությունում կարծում էին, որ այս եզրը ոչ մի դեպքում չի կարող հայտնվել իշխող կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական խմբակցությունների հայտարարությունում՝ զգուշանալով վնասել Թուրքիայի հետ հարաբերությունները։

«Վերջին շրջանում ավելի ու ավելի նկատելի էր ճնշումը Շտայնմայերի, ինչպես և դաշնային կառավարության վրա ։ Բունդեսթագի պատգամավորներից շատերը, այդ թվում՝ իշխող խմբակցությունների մաս կազմող, ոչ միայն ընդդիմանում էին այս դիրքորոշմանը, այլև պահանջում էին օգտագործել «ցեղասպանություն» բառը։ «Շտայնմայերի դիրքորոշման նման փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի հարթելու ոչ միայն տարաձայնությունները, այլև կանխելու այս բառի շուրջ վեճում կառավարությանը սպառնացող պարտությունը»,- նշում է պարբերականը։

Ըստ Sueddeutsche Zeitung-ի՝ քաղաքական ուղեգծի նման փոփոխությունը համաձայնեցված է դաշնային նախագահի գրասենյակի հետ։ [Գերմանիայի նախագահ] Յոախիմ Գաուկը այս հինգշաբթի, այսինքն Բունդեսթագում քվերակության նախօրեին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հայոց եկեղեցու հետ համատեղ աղոթքի ավարտին թեմայի շուրջ ելույթ է ունենալու։ Եվ հազիվ թե նա խուսափի «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց։ «Սա իր հերթին, գրեթե անհնարին է դարձնելու կառավարության համար պահպանելուը քաղաքական նախորդ ուղեգիծը»,- գրում է պարբերականը։

Ամեն դեպքում, ըստ Շտայնմայերի, ինքը՝ որպես արտգործնախարարար, պետք է մտածի, թե ինչ է լինելու ապրիլի 24-ից՝ 100-րդ տարելիցից հետո: «Ինձ մտահոգում է ավելի ու ավելի թեժացող քաղաքական բանավեճը Անկարայում ու Երևանում, և այն ավելի բարդացնելու կամ անհնարին դարձնելու» հեռանկարը. խոսքը իրականում նրա մասին է, որ «վերջ տրվի լռությանը, և թուրքերի ու հայերի միջև անկեղծ ու լուրջ երկխոսություն սկսվի»,- պարբերականի հետ զրույցում ասել է Շտայնմայերը։ Ընդ որում, երկխոսությունը պիտի ընդգրկի այն ամենը, ինչ տեղի է ունեցել այն տարիներին, այն ամենը, ինչն «այսօր նշանակություն ունի, ու թե ինչպես կարող է անցյալի սարսափի շուրջ հիշողությունը ավելի լավ դրացիական ապագայի առաջնորդել»։ Ըստ Շտայնմայերի՝ ցավոտ անցյալին առնչությունը միշտ պիտի նպատակում ունենա հաշտեցման լուրջ փորձերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում