Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության շարունակական ժխտումը մոտ է քրեորեն պատժելի ստի. Ռոբերտ Ֆիսկ

Ցեղասպանության շարունակական ժխտումը մոտ է քրեորեն պատժելի ստի. Ռոբերտ Ֆիսկ
Բրիտանական Independent պարբերականում լույս է տեսել բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը՝ «Հայոց ցեղասպանություն. զանգվածային վայրագության շարունակական ժխտումը մոտ է քրեորեն պատժելի ստի» վերնագրով: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև: Հինգշաբթի երեկոյան՝ ժամը 19.00-ին, մի խումբ խիզախ կանայք և տղամարդիկ կհավաքվեն Թաքսիմի հրապարակում՝ Ստամբուլի կենտրոնում, աննախադեպ և հուզիչ հիշատակի արարողություն անցկացնելու: Այդ կանայք և տղամարդիկ լինելու են հայ և թուրք, և նրանք հավաքվելու են՝ հիշելու 1915թ. օսմանյան թուրքերի կողմից կոտորված 1,5 մլն քրիստոնյա տղամարդկանց, կանանց և երեխաներին: Հայոց այդ Հոլոքոստը՝ հրեական Հոլոքոստի անմիջական նախատիպը, սկսվել էր 100 տարի առաջ Թաքսիմից կես մղոն հեռավորության վրա, երբ ժամանակի կառավարությունն իրենց տներից հավաքեց հարյուրավոր հայ մտավորականների և գրողների` նրանց նախապատրաստելով մահվան, իսկ նրանց ժողովրդին՝ բնաջնջման: Հռոմի պապն արդեն անհանգստացրել է թուրքերին՝ սարսափելի այդ գործողությունը՝ Առաջին աշխարհամարտի ամենաահավոր սպանդն անվանելով ցեղասպանություն՝ ինչպես որ իրականում կար՝ ազգության նպատակաուղղված և ծրագրված բնաջնջում: Թուրքական կառավարությունը, փառք Աստծո՝ ոչ ամբողջ թուրք ժողովուրդը, շարունակում է պատմական այս փաստի ջղագրգիռ և մանկամիտ ժխտման իր քաղաքականությունը՝ պնդելով, որ հայերը ծրագրված չեն սպանվել [«պատերազմական քաոսի» մասին հին անհեթեթությունը], իսկ «ցեղասպանություն» եզրը հորինվել է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո, հետևաբար՝ չի կարող կիրառվել նրանց նկատմամբ: Այս տրամաբանությամբ Առաջին աշխարհամարտը Առաջին աշխարհամարտը չէ՛ր, քանի որ այդ ժամանակ այն չի՛ կոչվել Առաջին աշխարհամարտ: 1915թ. սպանդի, զանգվածային բռնաբարության և մանկասպանության 100-ամյակին երկու միտք է ծագում: Առաջինն այն է, որ Թուրքիայի պես ուժեղ և խիզախ՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետության հզոր կառավարության համար զանգվածային այս վայրագության շարունակական ժխտումը մոտ է քրեորեն պատժելի ստի: Ավելի քան 100 հազ. թուրքեր հայտնաբերել են, որ իրենց նախատատերը հայ էին՝ հենց այն կանայք, որոնք Անատոլիայից դեպի հյուսիսային սիրիական անապատներ մահվան քարավաններում առևանգվել, ստրկացվել, բռնաբարվել կամ դավանափոխ են եղել: Մինչդեռ Թուրքիայում ցանկացած ոք, ով հակառակվում է կառավարության ժխտողական քաղաքականությանը, սևացվում է: Մոտ քառորդ դար է՝ ես նամակներ եմ ստանում թուրքերից ցեղասպանության մասին իմ աշխատությունների վերաբերյալ: Դա սկսվեց, երբ ես 1992թ. սիրիական անապատում սեփական ձեռքերով փորեցի և գտա կոտորված հայերի ոսկորներ և գանգուղեղներ: Ես մտավախություն ունեմ, որ թուրքական կառավարության շարունակական ժխտումը կարող է նույնքան վտանգավոր լինել Թուրքիայի համար, որքան ցասումնալից սպանվածների հայ հետնորդների համար: Ես հիշում եմ հայ տարեց մի կնոջ պատմությունը, թե ինչպես էին թուրք զինվորականները ժողովում կենդանի երեխաների և այրում նրանց: Այդ կնոջ մայրը նրան պատմել է, որ երեխաների ճիչն իրենց հոգիների ձայնն էր, որ հասնում էր երկինք: Արդյոք դա չէ՞ այսօր անում ISIS-ն [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում - ՍիվիլՆեթ] իր էթնիկ թշնամիների դեմ թուրքական սահմանից այն կողմ: Ժխտողականությունը հղի է վտանգով: Եվ եկեք հարցնենք ինքներս մեզ՝ ի՞նչ կլիներ, եթե Գերմանիայի ներկայիս կառավարությունը պնդեր, որ 1939-1945թթ.. «դեպքերը» (որոնց ընթացքում սպանվել է վեց մլն հրեա) որպես ցեղասպանություն ճանաչելու պահանջը «հրեական քարոզչություն է» և «պատմության և իրավունքի աղճատում»: Մինչդեռ հենց դա հայտարարեց Թուրքիայի կառավարությունն այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Եվրամիությունը դիմեց նրան՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԵՄ-ն, ինչպես հայտարարել է Անկարայի ԱԳՆ-ն, 1915թ. «դեպքերի» հարցում տեղի է տվել «հայկական քարոզչությանը» և «աղճատել է պատմությունն ու իրավունքը»: Այնինչ Թաքսիմ հրապարակում կայանալիք հիշատակման խիզախ արարողության հաջորդ իսկ օրը արևմտյան աշխարհի մեծամեծերը թուրք առաջնորդների հետ Ստամբուլից դեպի արևմուտք մի քանի մղոն հեռավորության վրա կոգեկոչեն Գալիպոլիում զոհվածների հիշատակը: Ինչպե՞ս են նրանցից շատերը հիշելու, որ Գալիպոլիում Թուրքիայի համար կռվող հերոսներից հայ կապիտան Թորոսյանն էր, որի քույրը շուտով պետք է դառնար ցեղասպանության զոհ: Հաջորդ շաբաթ մտադիր եմ զեկուցել հիշատակման արարողությունների վերաբերյալ մի շարք թուրք ընկերների ներկայությամբ: Երկրորդ միտքը, որ ինձ մոտ ծագում է, և հայ ընկերները պետք է ներեն ինձ, այն է, որ ինձ շատ չի հետաքրքրում՝ ինչ են խոսում կամ անում հայերը 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ես ցանկանում եմ իմանալ՝ ինչ են նրանք մտադիր անել տարելիցի հաջորդ օրը: Հայ վերապրածները՝ նրանք, ովքեր հիշողությունների կրող էին, բոլորը մահացել են: Մոտ 30 տարուց աշխարհի հրեաները կապրեն նույն խոր ցավը, երբ նրանց վերջին վերապրածները՝ որպես կենդանի վկա, կվերանան աշխարհի երեսից: Սակայն մահացածները շարունակում են ապրել, երբ նրանց զոհ լինելը ժխտվում է՝ անեծք, որը ստիպում է նրանց մահանալ կրկին ու կրկին: Հայերն այժմ պետք է վստահաբար կազմեն այն քաջ թուրքերի ցուցակը, որոնք փրկել են իրենց ժողովրդի կյանքը հետապնդումների ժամանակ: Թուրքիայի ինքնավստահ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վշտակցությունն է հայտնել հայերին՝ շարունակելով ժխտել ցեղասպանությունը: Կհանդգնե՞ր նա արդյոք հրաժարվել ստորագրել Հայոց ցեղասպանության հիշատակման մասին գիրք, որում հիշատակվում են խիզախ այն թուրքերը, որոնք փորձել են իրենց ազգի համար մութ ժամանակահատվածում փրկել նրա պատիվը: Ես տարիներ շարունակ հուշում եմ այս գաղափարը հայերին: Նույնն ասել եմ նրանց անցյալ շաբաթ Դետրոյթում: Մեծարե՛ք լավ թուրքերին: Ավա՜ղ, բոլորը ծափահարում են, սակայն ոչինչ չեն անում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում