Գլխավոր Լրահոս

Թուրքերին հարկ է ասել` եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը. Ազնավուր

Թուրքերին հարկ է ասել` եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը. Ազնավուր
Շառլ Ազնավուրը ապրիլի 20-ին համերգով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում: Ապրիլի 22-ին նա համերգ կունենա նաև Մոսկվայում: Մինչ այդ Ազնավուրը հյուրաընկալվել է հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզների «Պոզներ» հաղորդմանը: Նա խոսել է իր կարիերայի, ընտանիքի, Հայոց ցեղասպանության մասին: «Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ, ես ոչ մի բանի համար հոգ չեմ տանում,- այսպես է պատասխանել շանսոնյեն իր երկարակեցության գաղտնիքի վերաբերյալ հարցին: - Ես չգիտեմ` հավատում եմ Աստծուն, թե ոչ, բայց կարծում եմ, որ նա, ում Աստված են անվանում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն ինչ»: Նա խոստովանել է, որ դիետա չի պահում. «Պետք չէ ուտել աղ, պետք չէ օգտագործել շաքարավազ, պետք չէ ուտել ճարպոտ սնունդ... Ես այդ ամենն ուտում եմ»: Ազնավուրը նաև ասել է, որ սպորտով չի զբաղվում, սակայն միշտ փորձում է մեջքը ուղիղ պահել. «Երբ սկսում ես կորանալ, սկսում ես ոտքերդ քարշ տալ, սակայն նաև պետք է միշտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե քեզ մոտ ամեն ինչ կարգին է: Դա շատ կարևոր է. չէ՞ որ դու գոտեպնդում ես ուրիշներին, բայց և քեզ նույնպես»: Շանսոնյեն ասել է, որ չգիտի` որտեղից է ուժ գտնում. «Ես պարզապես անհաջողակ չեմ, կան մարդիկ, որոնք անհաջողակ են գրեթե ծնվելու պահից, իսկ ես անհաջողակի հակապատկերն եմ»: Ընդ որում` նա հավելել է, որ ինքը կասկածամիտ է, «սակայն դա կյանքը չի բարդացնում, այլ հակառակը»: «Երբ դու գիտես, որ ցանկացած դժվախտություն հնարավոր է, դու հանգիստ ես և պատրաստ ես աշխատել` ազատվելու այդ դժբախտությունից,- պարզաբանել է Ազնավուրը: - Իսկ նա, ով ի սկզբանե չգիտի, որ գոյություն ունեն դժբախտություններ, երբ առերեսվում է դրանց, կանխավ մահանում է»: Ազնավուրը նշել է, որ ապրիլի 24-ին անպայման գալու է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին: «Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել,- ասել է նա: - Թուրքերին հարկ է ասել, որ եկել է ճշմարտությունն ասել ժամանակը»: Շանսոնյեի կարծիքով` թուրքերը Հայոց ցեղասպանությունը հրաժարվում են ճանաչել երկու պատճառով. «Նրանք չեն կարող դա ընդունել որպես փաստ, քանի որ նրանց համար գլխավոր բառը պատիվն է, և դա կարելի է հասկանալ: Սակայն մեկ այլ բան էլ կա` մարդիկ խիստ հարստացել են հայերի ունեցվածքի հաշվին»: Ընդ որում` Շառլ Ազնավուրը որևէ ատելություն չի զգում թուրքերի հանդեպ, և դա նրան սովորեցրել է Ցեղասպանության ժամանակ ամբողջ ընտանիքը կորցրած մայրը: «Մայրս չէր ատում թուրքերին, բայց միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»: Նա բարձր է գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկն է: «Հռոմի պապն այն հազվադեպ մարդկանցից է, որոնք ասում են ճշմարտությունը և ճշմարտության կողմնակից են` անկախ որևէ բանից, չվախենալով ոչ մի բանից, առանց վախի և նախատինքի»,- ասել է Ազնավուրը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում