Սոչիում հանում են 100-րդ տարելիցին նվիրված պաստառները

Ռուսաստանի հայաշատ Սոչի քաղաքի փողոցներից ապամոնտաժվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառները, որոնք տեղադրվել են օրեր առաջ, հաղորդում է newsru.com կայքը:
Ապամոնտաժման որոշումն ընդունել է Սոչի քաղաքի ներքին գործերի վարչությունը՝ այն հասցեագրելով Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղին և հայկական երիտասարդական «Ազգային հիշողություն» կազմակերպությանը: Ոստիկանությունը արգելել է նաև Սոչիի հրապարակում ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը: Ապրիլի 24-ին նախատեսված հանրահավաքը չի արգելվել, սակայն ոստիկանությունը նշել է, որ դրա անցկացման տեղի և ձևաչափի խախտման դեպքում «օրինախախտների նկատմամբ հետապնդում կիրականացվի` ծայրահեղականությանը և ահաբեկչությանն աջակցելու» հոդվածներով:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ պաստառները հանելու որոշումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել հայ համայնքում:
«Մենք որևէ կերպ չենք կարողանում հասկանալ՝ ինչպես Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառները կարող են առնչություն ունենալ ծայրահեղականության կամ առավել ևս ահաբեկչության հետ: Մեզ որևէ բան չեն բացատրել: Միայն ասել են՝ հանեք և վերջ: Պաստառները տեղադրած գովազդային ընկերությունը մեզ է վերադարձրել գումարը և ասել, որ «դա վերևից իջեցված որոշում է»»,- ասել է «Ազգային հիշողություն» կազմակերպության Սոչիի մասնաճյուղի ղեկավար Արթուր Գևորգյանը՝ հավելելով, որ իրենք ակնկալում են Սոչիի քաղաքապետի մեկնաբանությունը հարցի առնչությամբ:
Իրադարձություն
Civilnet










