Գլխավոր Լրահոս

1995, ապրիլի 21

1995, ապրիլի 21
Հայաստանի պատմության մեջ երկրի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությանը անդրադարձել է երկու անգամ՝ 1990-ին և 1995-ին: 1990-ի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիր, որի տակ դրված է այն ժամանակ խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը: Դրանում ասվում էր. «Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանը քննարկումների ընթացքում կողմնակից չէր Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկմանը Հռչակագրում, սակայն տեղի տվեց մեծամասնության ցանկությանը: Խորհրդարանում մեծամասնություն էր կազմում նրա իսկ գլխավորած Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունը: Հռչակագրի ահա հենց այս կետն էին նաև թուրքերը մատնանշում ու դա դարձնելով մատի փաթաթան` հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Ավելին` ամեն առիթով թուրքերը հայտարարում էին, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա կետ հողային պահանջատիրության մասին, ինչը ճիշտ չէ, քանի որ մինչև 1995-ի ամառը Հայաստանը չուներ Սահմանադրություն: 1995-ի ապրիլի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը արտահերթ նիստում միաձայն ընդունեց հայտարարություն Հայոց ցեղասպանության 80-ամյակի առիթով: Հայաստանի խորհրդարանի նախագահը Բաբկեն Արարքցյանն էր: Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգայնացման հարցում 1995թ. կարելի է համարել ամենակարևոր տարիներից մեկը` Ռուսաստանի խորհրդարանը ճանաչեց այն, Երևանում կազմակերպվեց միջազգային գիտաժողով, և ամենակարևորը` բացվեց Հայոց ցեղասպանության թանգարանը, հետագայում՝ թանգարան-ինստիտուտ: Տեր-Պետրոսյանը 1995թ. մարտին ստորագրեց հրամանագիր «Հայոց ցեղասպանության 80-ամյակի կապակցությամբ ցեղասպանությունը վերապրած հայերին պետական աջակցություն ցուցաբերելու մասին»: Հաշվի առնելով Մեծ եղեռնը վերապրած հայերի նկատմամբ «համազգային, համապետական աջակցության և հոգատարության դրսևորման անհրաժեշտությունը»` Տեր-Պետրոսյանը որոշեց «Սփյուռքում բնակվող, ցեղասպանությունը վերապրած (մինչև 1915թ. ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված) Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայերին տալ Հայաստանի կացության հատուկ կարգավիճակ և հանձնել Հայաստանի հատուկ անձնագրեր (նրանց կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ)»: Բացի այդ` «Հայաստանի տարածքում մշտապես բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի համար» նախատեսվում էին սոցիալական պաշտպանվածությունն ապահովող միջոցառումներ: Տեր-Պետրոսյանի հրամանագրով 1994թ. ստեղծվել էր պետական հանձնաժողով, որն աշխատում էր չորս հիմնական ուղղություններով` հրատարակչական, միջազգային գիտաժողովի հրավիրման ու կազմակերպման և թանգարանային համալիրի կառուցման ու թանգարանային ցուցանմուշների կազմակերպման: 1995թ. ապրիլի 21-23-ը Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում պետական բարձր մակարդակով տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով «Ցեղասպանության հարցեր» թեմայով, որին ներկա էին 16 երկրներից ժամանած գիտնականներ: Ելույթ ունեցան նաև նախագահ Տեր-Պետրոսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանը: 1995թ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը: Ժապավենը կտրեց Տեր-Պետրոսյանը, նրա կողքին էին Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը (այսօր՝ Սահմանադրական դատարանի նախագահ) և թանգարանի տնօրեն (հանգուցյալ) Լավրենտի Բարսեղյանը: Ներկա էին Գարեգին Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը (Ռոբերտ Քոչարյան): Ի դեպ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում ոչ մի հիշատակություն չկա, որ թանգարանը կառուցվել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, ճիշտ է՝ նշված է, որ այն բացվել է 1995-ին: Թանգարան ունենալու անհրաժեշտության մասին հայկական մամուլում առաջինը արտահայտվել է հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանը դեռ 1990-ի ապրիլին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 75-ամյակը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում