Համերգ Փարիզում` նվիրված 100-րդ տարելիցին

Փարիզի «Շատլե» համերգասրահում ապրիլի 21-ին` ժամը 21:30-ին, տեղի է ունենալու համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` «100 տարվա հիշողություն» խորագրով:
Համերգին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ 50 երաժիշտներ Ֆրանսիայից, Բելգիայից, Պորտուգալիայից, Շվեյցարիայից, Անգլիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից և Հայաստանից, որոնք կազմում են Հայկական համաշխարհային նվագախումբը` աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուի ղեկավարությամբ, ինչպես նաև «Գյուլբենկյան» երգչախումբը, հռչակավոր սոպրանո Հասմիկ Պապյանը, մեցցո-սոպրանո Նորա Գուբիշը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, բաս Տիգրան Մարտիրոսյանը և այլք:
Հնչելու են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, ինչպես նաև 2013թ. Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի՝ հատուկ այս կապակցությամբ գրված « Երկնքի եզրին » ստեղծագործությունը: Հիշատակի երեկոն եզրափակվելու է Մոցարտի «Ռեքվիեմ»-ով:
Համերգի կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է: Միջոցառումը Orange հիմնադրամի աջակցությամբ նաև ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է աշխարհի տարբեր երկրներում և առցանց, ինչպես նաև ուղիղ հեռաձրակվելու է Երևանի Օպերայի և Բալետի թատրոնում` խորհրդանշական երեկոյին միավորելով Փարիզի և Երևանի հանդիսատեսներին:
ՍիվիլՆեթը ևս համերգը կհեռարձակի ուղիղ: Միջոցառմանը կարող եք հետևել այստեղ:
Իրադարձություն
Civilnet










