ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարի կայքը, ապրիլի 21-ին համագումարի գօրծադիր տնօրեն Բրայան Արդունիի և ԱՄՆ հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպմանն ասել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և Օբամայի` ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը:
Հանդիպումից հետո Բրայան Արդունին հայտարարել է. «Նախագահի` Հայոց ցեղասպանության մասին ճիշտ խոսելու դժկամությունն այն չէ, ինչ մենք ակնկալում ենք գերտերության առջանորդից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նրա` «ցեղասպանություն» եզրն օգտագործելուց խուսափելը մեծ հարված է մարդու իրավունքների պաշտպաններին և հետքայլ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում»:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի խոսքով` Օբամայի` Թուրքիային անձնատուր լինելու կեցվածքն ազգային ամոթ է և պարզապես դավաճանություն է իրականությանն ու վստահությանը:
Ապրիլի 21-ին հայտնի է դարձել նաև ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու նպատակով Երևան ժամանող նախագահական պատվիրակության կազմը: Այն գլխավորելու է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն: Համաձայն Սպիտակ տան հաղորդագրության` պատվիրակության կազմում են լինելու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփեյերը, Ֆրենկ Փալոնեն, Աննա Էշուն, Դեյվ Թրոթը: