Գլխավոր Լրահոս

«Իսլամական պետության» հրեշավոր արշավը հիշեցնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը.

«Իսլամական պետության» հրեշավոր արշավը հիշեցնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանի առաջարկով Վեհաժողովը հարգել է Հայոց և մյուս բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Զուրաբյանը առաջարկը հնչեցրել է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունների հումանիտար հետևանքների մասին բանավեճի ժամանակ իր ելույթի ընթացքում, որը ներկայացված  է ստորև: «Ամեն օր մենք սարսափելի նորություններ ենք կարդում այսպես կոչված «իսլամական պետության» գործած բարբարոսությունների մասին: [Քննարկվող] զեկույցը վերաբերում է աղետի հումանիտար կողմին և մենք շնորհակալ ենք կատարված աշխատանքի համար: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է կնետրոնանալ այդ աղետի սկզբնապատճատռների վրա և անվերապահորեն դատապարտել Սիրիայի և Իրաքի էթնիկ և կրոնական խմբերի դեմ «իսլամական պետության» գործած ցեղասպան գործողությունները: Հայաստանում ապրում է եզդիների հրաշալի համայնք, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի մշակութային և քաղաքական կյանքում: Վերջին շրջանում Սիրիայում և Իրաքում նրանց եղբայրներին ու քույրերին սպանում են, բռնաբարում, խոշտանգում և տանջամահ անում. անկախ նրանց տարիքից ու սեռից նրանք զոհ են գնում եզդի համայնքի դեմ սանձազերծված հրեշավոր արշավին, որը հիշեցնում է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գազանությունների տեսարանները: «Իսլամական պետության» ցեղասպան գործողությունների նպատակը պարզ է. նրանք փորձում են երկրի երեսից վերացնել այնպիսի կրոնական փոքրամասնությունների, ինչպիսիք են եզդիները, յարսանիները, մանդեականները, որոնք, այդ բարբարոսների կարծիքով, «սխալ» կրոն են դավանում: Շիա մահմեդականները սպանվում են՝ որպես «իսլամից հեռացածներ»: Ասորի, քաղդեացի, սիրիացի կամ հայ քրիստոնյաների խմբերին նույնպես ջախջախում են՝ նրանց երեք տարբերակ թողնելով՝ իսլամ ընդունել, «ջիզյա» (անհավատության հարկ) վճարել կամ մեռնել: Նույնիսկ այն սուննիները, ովքեր համաձայն չեն իսլամի հավատքի՝ «իսլամական պետության» մեկնաբանության հետ, ոչնչացվել են առանց խղճի խայթի: Այս ամենն, անկասկած, տեղավորվում է ցեղասպանության միջազգային իրավական սահմանման մեջ, քանի որ, ինչպես 1948-ի «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածն է նշում, դրանք «գործողություններ են, որոնք միտված են ամբողջապես, կամ մասամբ ոչնչացնելու ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը»: «Իսլամական պետությունը» պետք է դատապարտվի եզդիների, շիա մահմեդականների, քրիստոնյաների և այլոց դեմ ցեղասպան գործողություններ իրականացնելու համար: Ապագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանությունները և դատապարտել դրանք ու դրանց ժխտումը՝ անկախ նրանից, թե երբ են այդ ցեղասպանությունները տեղի ունեցել, որքան մեծ է եղել զոհերի թիվը, կամ թե ինչ քաղաքական դրդապատճառներ են դրանք ունեցել: Բացի դա, մեր բարոյական պարտքն է՝ հարգել մարդկության դեմ այդ հանցագործությունների բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, որը, ինչպես Հռոմի Ֆրանցիսկոս պապն արդարացիորեն ասաց, նորագույն պատմության առաջին ցեղասպանությունն էր, ինչպես նաև՝ հրեական Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի և այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում