Գլխավոր Լրահոս

Հայաստանի մահմեդականները. ովքեր էին նրանք

Հայաստանի մահմեդականները. ովքեր էին նրանք

Տարիներ առաջ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային, առաջին հերթին՝ պատմաբաններին և ազգագրագետներին, տվեց քաղաքական պատվեր, այն է՝ ամեն կերպ ապացուցել, որ հայերը եկվոր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Արարատյան դաշտավայրում և այսօրվա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Պատվերով պատմություն գրելը ինքնին զավեշտ է:

Իջեցված պատվերի շրջանակում արդեն իսկ տպագրվել են բազմաթիվ գրքեր: Դրանց մեծագույն մասը զուտ հակահայ քարոզչություն է և լուրջ չի կարող ընդունվել ակադեմիական և գիտական շրջանակներում: Տպագրվել են նաև գրքեր, որոնցում հղում անելով ռուսական, պարսկական և հայկական աղբյուրների` դրանց հեղինակները փորձում են համոզել, որ այսօրվա Հայաստանի տարածքում հարյուրամյակներ բնակվել են ադրբեջանցիներ, որոնք իբր կազմել են մեծամասնություն:

Այն, որ Հայաստանի տարածքում նախորդ հարյուրամյակներում հայերի կողքին բնակվել են մահմեդականներ, դա պատմական իրողություն է և ինչ-որ իմաստով՝ նաև բնական, քանի որ Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045թ.) մինչև 1828թ., երբ այսօրվա Հայաստանի տարածքներից մի մասի և Նախիջևանի շրջանի վրա ձևավորվեց Հայկական մարզը (վարչական միավոր Ռուսական կայսրության կազմում), Արարատյան դաշտավայրը և Հայկական աշխարհի մյուս նահանգները ընկած են եղել թուրք-սելջուկների, մոնղոլ-թաթարների, թուրքմենական կարակոյունլու և աղկոյունլու ցեղերի, ապա Օսմանյան և Պարսկական կայսրությունների տիրապետության տակ: Պատմական իրողություն է նաև այն, որ երբ Արևելյան Հայաստանը 1555-ից մինչև 1828թ. Պարսկաստանի մաս էր կազմում, մահմեդականները երբեմն կազմել են բնակչության մեծամասնությունը: Եվ սա զարմանալի չէ:

Գուցե զարմանալին այն է, թե ինչպես է հաջողվել հայությանը կառչած մնալ իր պատմական հողերին և յոթհարյուրամյա մահմեդական տիրապետության ու լծի պայմաններում չհեռանալ հայրենիքից: Անգամ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից հետո (1604թ.), երբ 250-300 հազար հայեր Արարատյան աշխարհից և Նախիջևանից քշվեցին դեպի Պարսկական կայսրության ներքին շրջաններ, այսօրվա Հայաստանի տարածքում հայեր շարունակեցին մնալ:

Այժմ վերադառնանք Հայաստանի տարածքում բնակված մահմեդականների խնդրին: Երբ խոսվում է այդ մահմեդականների մասին, Ադրբեջանում նրանց միանգամից կոչում են ադրբեջանցիներ: Որ Հայաստանի տարածքում բնակվել են նաև այսօրվա ադրբեջանցիների նախնիներից մի շարք ցեղեր, սա ևս պատմական իրողություն է: Սակայն դա բավարար կռվան չէ և լուրջ չէ, որպեսզի Հայաստանը համարվի ադրբեջանական հող: Այսօր Ադրբեջանի որոշ նախարարներ, որոնք ծնվել և ուսում են ստացել Խորհրդային Հայաստանում, իրենց պաշտոնական կենսագրության մեջ գրում են, որ ծնվել են Արևմտյան Ադրբեջանում: Այսպիսով` այսօրվա Հայաստանը ադրբեջանցիների համար Արևմտյան Ադրբեջան է:

Դարերի ընթացքում Հայաստանի տարածքում բնակված մահմեդականների մեջ այսօրվա ադրբեջանցիների նախնիները երբեք մեծ թվաքանակ չեն կազմել: Նրանք անգամ ադրբեջանցի չեն կոչվել, քանի որ ադրբեջանցի ազգություն չի եղել մինչև 1918թ., երբ Անդրկովկասում Հայաստանի և Վրաստանի կողքին հռչակվեց Ադրբեջան անունով պետություն: Ադրբեջան անունով շրջան, աշխարհագրական միավոր կար, բայց Արաքսի աջ ափին` այսօրվա Իրանի հյուսիսում: Խորհրդային Միության առաջին` 1926թ. մարդահամարի տվյալներով` Ադրբեջանում բնակվող հիմնական ազգությունը շարունակում էր կոչվել մահմեդական կամ կովկասյան թաթար: Միայն 1939թ., երբ Խորհրդային Միությունում անցկացվեց երկրորդ մարդահամարը, Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող մահմեդականներին տրվեց «ադրբեջանցի» անունը:

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասի վրա առաջին մարդահամարը կատարվել է միայն այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը: Համաձայն ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենի (որը 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել Հայկական մարզի մասին մի քանի կարևոր աշխատություններ)` 1832թ. Երևանի նախկին խանության ողջ տարածքում բնակչության ընդհանուր թիվը 115.106 էր, որից տեղացի հայերը`19.878, Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից` Օսմանյան կայսրությունից 1828-29 թթ. տեղափոխված հայերը` 45.207, մահմեդականները` 49.872: Այսպիսով` 1832-ին նախկին Երևանի խանության տարածքում հայերի թիվը 65.085 էր, մահմեդականների թիվը` 49.872:

Ո՞վքեր էին այս մահմեդականները: Նրանք հիմնականում երեք ազգության ներկայացուցիչներ էին՝ պարսիկներ (շիա), քրդեր (սուննի և շիա) և թուրքեր կամ Անդրկովկասի մուսուլմաններ (շիա  և սուննի), որոնք ներկայացնում էին 21 ցեղեր: Ըստ Շոպենի` այդ ցեղերից էին կարափափախները (սև գլխարկ կրողներ), այրումլուները, սեիդլու-ախսախլուները, մողանլուները, սաադլուները և այլն: Անգամ այն բանից հետո, երբ ռուսները պարսիկներից գրավեցին Անդրկովկասը, թուրքական այս ցեղերը հիմնականում մնացին նոր ձևավորված Հայկական մարզում: Ընդամենը 1800 մուսուլման թուրքեր հեռացան Երևանի խանությունից, երբ սկսվեց ռուս-պարսկական պատերազմը 1827-ին: Այս 1800 մուսուլման թուրքերը պատկանում էին Բյույուկ Չոբանկարա ցեղին: Այս ցեղի շուրջ 1000 ներկայացուցիչներ շարունակեցին բնակվել Երևանի խանության տարածքում, որը արդեն 1828-ին անվանվում էր Հայկական մարզ և մաս էր կազմում ցարական Ռուսաստանի:

Ուշագրավ է, որ ռուսների գրավումից հետո Հայկական մարզը լքեցին գրեթե 15 հազար քրդեր, որոնք ներկայացնում էին յոթ հիմնական ցեղախմբեր: Եվս շուրջ 11 հազար քրդեր չհեռացան և շարունակեցին բնակվել այն տարածքներում, որը կազմում է այսօրվա Հայաստանը: Դրանցից ավելի քան 6 հազարը շիա քրդեր էին (հինգ ցեղախմբեր), 4 հազարը՝ սուննի քրդեր (շուրջ 10 ցեղախմբեր), ինչպես նաև եզդիներ, որոնց թիվը կազմում էր 324 հոգի ընդամենը:

Ի դեպ, Խորհրդային Հայաստանում և Խորհրդային Ադրբեջանում բնակվող տասնյակ հազարավոր քրդեր տասնամյակների ընթացքում ձուլվել և դարձել են ադրբեջանցի: Այո, մի զարմացեք, որ քրդերի ձուլում ադրբեջանցիների մեջ տեղի է ունեցել նաև Խորհրդային Հայաստանում, ճիշտ է՝ փոքր չափով: Քանի որ Խորհրդային Հայաստանում ամենուր չկային քրդերեն լեզվով դպրոցներ, մահմեդական քրդերը նախընտրում էին ադրբեջանական դպրոցներ հաճախել և այս ձևով ձուլվում էին: Անշուշտ, քրդերի մեծ ձուլում՝ տասնյակ հազարներով, տեղի է ունեցել Խորհրդային Ադրբեջանում: Այսպես, Լաչինի և Քելբաջար շրջանները, որոնք այսօր մաս են կազմում Արցախի, գերազանցապես քրդաբնակ էին:

Այսօր հայտարարվում է, որ Ադրբեջանում բնակվում է 10 միլիոն մարդ, գերազանցապես ադրբեջանցիներ, որոնց շուրջ 40 տոկոսը սուննի են, 60 տոկոսը՝ շիա: Ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության 25 տարիներին հարյուր հազարավոր այլազգիներ, առաջին հերթին քրդեր, լեզգիներ և թալիշներ, ձուլվել և դարձել են ադրբեջանցի: Ահա այս մասին պետք է գրքեր գրեն ադրբեջանցի պատմաբաններն ու ազգագրագետները, ընդ որում՝ ոչ Իլհամ Ալիևի պատվերով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում