Խորհրդարանից արձանագրությունների հետկանչը՝ Թուրքիային ուղղված քաղաքական մեսիջ:
Խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուց երկու ամիս անց Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ թուրքական կողմին մեղադրելով «թշնամանքի 100 տարիներին վերջ դնելու հարցում քաղաքական կամքի բացակայության մեջ»:
Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության գործընթացը վերսկսելու հարցում նախապայմաններ չպետք է լինեն:
«Ի վերջո, պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց նախապայմանների»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ հաշտեցման գործընթացը կարող է վերսկսվել, երբ «Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ լինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»: Նա նշել է, որ ինքը հայ-թուրքական արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից՝ Թուրքիային «քաղաքական մեսիջ» հղելու նպատակով:
«Մեզ համար ցանկալի երևույթ է արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ դրանք մնում են օդում կախված,- ասել է Սարգսյանը:-Արձանագրությունների վավերացումը մի բան է, որ ցանկանում ենք, սակայն տանգո երկուսով են պարում, և դա միայն մեզնից չէ կախված»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը, ապա, Սարգսյանի խոսքով, հայկական կողմն անշուշտ կցանկանար, որ Օբաման օգտագործեր այդ եզրն իր հայտարարության մեջ:
«Այնպես չէ, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ցեղասպանությունը, նրանք պարզապես չեն ցանկանում օգտագործել կոնկրետ այդ բառը՝ դաշնակից Թուրքիային չվիրավորելու համար»,- ասել է ՀՀ նախագահը:
Հաշտեցման ամենակարճ ճանապարհը՝ Ցեղասպանության ճանաչումն է
«Անկասկած, Ցեղասպանության ճանաչումը թուրքերի կողմից երկու պետությունների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է: Իմ խորին համոզմամբ՝ եթե դա արվի, և արվի անկեղծորեն, հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կբարձրանան նոր, բարձր մակարդակի»,- ասել է Սերժ Սարգսյանը Euronews-ի հետ զրույցում:
Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր». «Ես հավատում եմ, որ առանց հանցագործությունների աշխարհ կարելի է կառուցել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը հզոր, արդար և ճշտախոս առաջնորդ է»:
Խոսելով հայ և թուրք պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մասին՝ ՀՀ նախագահն ասել է, որ այդ գաղափարը Հայաստանի համար «վիրավորական է»: