Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որն այժմ հանդես է գալիս Քրդստանի հանրությունների միություն անվամբ, գրավոր հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է քրդական «Օզգյուր Գյունդեմ» կայքը:
«Հայերի կոտորածների 100-րդ տարելիցն է: Օսմանյան կայսրության և «Միություն և առաջադիմություն» կուսակցության պանթուրքիստական քաղաքականության հետևանքով այս տարածքում ապրող ժողովուրդներ կոտորածի են ենթարկվել, մեծ տառապանք կրել, նրանց մշակույթը ոչնչացվել է: Թուրքիայում և Քրդստանում [այս անվան տակ հասկացվում է նաև Արևմտյան Հայաստանը - ՍիվիլՆեթ] հայերի և հույների հետ մեկտեղ կոտորել են նաև քրդերին, ալևիներին, կոմունիստներին, ճշմարիտ մուսուլմաններին, ասորիներին: Կոտորածների ժամանակ հատկապես հայերն ու քրդերն են կիսել նույն ճակատագիրը: Սակայն պատմական իրողություն է այն, որ հայերն են ենթարկվել ամենամեծ աղետին»,- ասված է հայտարարությունում:
PKK-ն, շեշտելով, որ 100 տարի է անցել, սակայն Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, շարունակում է.
«Պետք է հրաժարվել ժխտողական մտածողությունից և հարգանք ցուցաբերել պատմական իրականության հանդեպ: Սա հարց է թուրքական պետության և հայերի միջև: Հայ և թուրք ժողովուրդները միմյանց միջև որևէ հարց չունեն: Սակայն կա պատմական մի փաստ, որը հերքելն անհնար է՝ Օսմանյան կայսրությունում հայերը բացահայտ ցեղասպանության են ենթարկվել»:
PKK-ն որպես հայկական հարցի լուծում առաջարկվում է իր հիմնադիր Աբդուլլահ Օջալանի գաղափարը՝ «ստեղծել մոդել, որտեղ բոլոր ազգերը կապրեն ազատ ու համերաշխ»:
Civilnet











