Գլխավոր Լրահոս

Պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին խուսափում է «ցեղասպանություն» բառից

Պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին խուսափում է «ցեղասպանություն» բառից

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆն ապրիլի 22-ի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրի օգտագործումից և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին հստակ պատասխաններ տալուց: Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, որի սղագրությունը հրապարակված է Պետքարտուղարության կայքում, նա քանիցս նշել է, որ թեև իրենք գիտեն` կան մարդիկ, որ այս տարի կցանկանային լսել այլ ձևակերպումներ, այս հարցում ԱՄՆ-ի` նախորդ տարիներին որդեգրած դիրքորոշումը ճիշտ է:

«Մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք կարծում եմ` հույս ունեին այս տարի այլ ձևակերպումներ լսել: Մենք, իհարկե, հասկանում ենք նրանց դիրքորոշումը: Հավատալով, որ նախորդ տարիներին մեր որդեգրած մոտեցումը շարունակում է ճիշտ լինել, այս տարի էլ այն դիրքորոշմանն ենք, որ ճանաչենք անցյալը, կարողանանք աշխատել մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ ապագայում կյանքեր փրկելու նպատակով: Կարծում ենք` սա կարևոր է:

Նախագահը հետևողականորեն հայտնել է իր տեսակետը 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ: Եվ նորից` մենք գիտենք` որոշ մարդիկ ցանկանում էին այլ ձևակերպում լսել այս տարի, և մենք, իհարկե, գիտենք այդ մասին»,- ասել է Մարի Հարֆը` պատասխանլով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է 100-րդ տարելիցին կրկին չկատարել իր նախընտրական խոստումը՝ 1915թ. կատարվածը ճանաչելու որպես ցեղասպանություն»:

Նկատառմանը, որ կարծես թե այլ ձևակերպում լսել ցանկացող մարդկանց ձայնը լռեցվել է փոփոխություններ չցանկացող մարդկանց կողմից` ի դեմս Թուրքիայի, Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատարը պաստախանել է. «Ես չեմ պատրաստվում ընդհանրացնել, թե ով ինչ է զգում այս խնդրի հարցում: Մենք, իհարկե, հասկանում ենք մարդկանց դիրքորոշումները, որոնք տարբեր բաներ են զգում»:

Կարծո՞ւմ է արդյոք նախագահ Օաբաման, որ կատարվածը ցեղասպանություն էր, Հարֆը խորհուրդ է տվել պարզել Սպիտակ տնից: Իսկ դիտարկմանը, թե թվում է` այս վարչակազմը կատարվածը ցեղասպանություն չի համարում, Հարֆը պատասխանել է. «Մենք շատ հստակ, հետևողականորեն հայտնել ենք մեր տեսակետը այս հարցում: Եվ կարծում եմ` 100-րդ տարելիցին նվիրված իր հայտարարությունում նախագահը հստակ կնշի այդ մասին»:

Լրագրողը նկատել է, որ Միացյալ Նահանգները երբեք խնդիր չի ունեցել Հոլոքոստն իր անունով կոչելու, և դա կարծես թե չի վնասել Գերմանիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, և մի՞թե Թուրքիայի հետ հարաբերություններն այնքան խոցելի են կամ այնքան վտանգված են, որ չի կարելի իրերն իրենց անուններով կոչել:

«Ես պարզապես չեմ պատրաստվում համեմատել այդ երկու իրադարձությունները, ինչպես դուք արեցինք: Եվ կարծում եմ` մենք ասել ենք` ինչ ենք պատրաստվում ասել այս կապակցությամբ: Կարծում եմ` դուք ավելի շատ հայտարարություններ կլսեք վարչակազմից հենց տարելիցի օրը: Եվ ես չեմ պատրաստվում ավելի շատ վերլուծություն անել ձեզ համար այսօր»,- պատասխանել է Հարֆը:

Հարցին, թե կհերքի արդյոք միտքը, որ վարչակազմը, ըստ էության, թուրքերի կողմից ենթարկվում է բերանը փակ պահելու ճնշման, Պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է. «Ես այդպիսի բան չեմ նկատել: Մենք ինքնուրույն ենք կայացնում որոշումներ, թե ինչ ասել և ինչպես խոսել: Եվ կարծում եմ` կլսեք նախագահի շատ զորեղ խոսքը պատմական փաստի վերաբերյալ, որ 1.5 միլիոն հայեր սպանդի են ենթարկվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Նա դա ասել է հետևողականորեն և բազմիցս, և կարծում եմ` դուք կրկին կլսեք դա: Մենք հասկանում ենք, որ կան մարդիկ, որոնք կցանկանային լսել այլ ձևակերպում: Մենք, իհարկե, տեղյակ ենք այդ մասին և զգայուն ենք այդ հարցում, բայց կարծում ենք` սա լավագույն ուղեգիծն է»:

Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը: Հարֆը նշել է, որ Քերին ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Թուրքիա-Հայաստան կարգավորմանը և ընդգծել է Թուրքիայի` Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

***

Բարաք Օբաման 2008թ. նախագահական քարոզարշավի ընթացքում խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո նա այդպես էլ չի արտասանել «ցեղասպանություն» բառը և 1915թ. հայերի կոտորածները անվանել է հայերեն «Մեծ եղեռն», որը իրավական նշանակություն չունի:

Մարի Հարֆը ապրիլի 14-ի ճեպազրույցի ժամանակ կրկին խուսափել էր «ցեղասպանություն» եզրի օգտագործումից: Ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, նա ասել էր, որ Օբաման բազմիցս պատմական փաստ է ճանաչել հայերի ջարդերը, իսկ երբ լրագրողը հիշեցրել էր, որ նա, լինելով դեռ թեկնածու, կարծես թե կողմ էր «ցեղասպանություն» եզրի օգտագործմանը, Պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատարը խորհուրդ էր տվել դիմել 2008թ. նախընտրական արշավի ներկայացուցիչներից որևէ մեկին կամ Սպիտակ տանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում