Ապրիլի 23-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակը բազմամարդ էր, քան երբևէ: System of a Down խումբը տվեց իր «Արթնացրեք հոգիները» միջազգային համերգային շրջագայության վերջին համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգի վերջում խմբի մենակատար Սերժ Թանկյանը մի քանի խոսք ասաց Հայաստանի անցյալի ու ներկայի մասին: Թանկյանի խոսքը թարգմանաբար ներկայացված է ստորև:
«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ էր։ Թուրքիայի կառավարությունը պետք է այդ փրկիչներին հերոսացնի, ոչ թե ժխտի ակնհայտը՝ պատմությունը։ Պապս հինգ տարեկան էր, երբ տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը, ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան մանկատանը։ Միացյալ նահանգների Մերձավոր արևելքի նպաստամատույց ընկերությունը մարդասիրական անհավանական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես որ, փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեզ, այլև ամերիկացիների համար։
Ռուսաստանը նույնպես շատուշատ որբերի և երեխաների է փրկել Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության արևելյան սահմանին։ Նա հիանալի մշակութային դաշնակից, հարևան է եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով որևէ մեկի հաճախորդը։
Մենք երկար ճանապարհ ենք անցել: Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ սարսափելի շատ բան կա անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել ներկայի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանխել երկրի մարդաթափումը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ ցնցել ձեզ»: