Պոլսի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում այսօր «1915թ. մահացածների» հիշատակին պատարագ է մատուցվել, որի ընթացքում ընթերցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հղված ուղերձը: Իր խոսքում Էրդողանն ասել է, որ անկեղծորեն կիսում է հայ համայնքի ցավը:
«Թուրքիայի հայ քաղաքացիների համար այս օրը հատուկ նշանակություն ունի: Մենք հիշում ենք Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ պատերազմական պայմաններում մահացած բոլոր Օսմանյան հայերին և ցավակցություն ենք հայտնում նրանց երեխաներին և թոռներին: Ուզում եմ իմանաք, որ աշխարհի յուրաքանչյուր վայրում բնակվող օսմանյան հայերի թոռների համար մեր սրտի դռները մինչև վերջ բաց են»,- ասված է Էրդողանի ուղերձում:
Չհրաժարվելով Թուրքիայի ժխտողական թեզից՝ Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բոլոր ազգերն էլ պատերազմի ժամանակ մեծ կորուստներ են կրել: Ուշագրավ է, որ վերջին այս ուղերձը ձևակերպումների տեսանկյունից ավելի մեղմ էր՝ ապրիլի 23-ի հայտարարության համեմատ:
Պոլսի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցված պատարագին Թուրքիայի կառավարությունը ներկայացրել է ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Վերջինս, երկրորդելով Էրդողանին, հայտարարել է, որ Թուրքիան կիսում է հայերի ցավը: Բոզքըրը կոչ է արել 1915թ. իրադարձությունների վրա կենտրոնանալու փոխարեն դիտարկել 1870-1920թթ. տեղի ունեցածը՝ հայերի և թուրքերի ընդհանուր պատմությունը տեսնելու համար:
Վոլքան Բոզքըրն իր այցի մասին գրառում է արել Թվիթերում՝ այն ուղեկցելով նկարներով:
Civilnet











