Բագրատաշենում սահմանային նոր անցակետի հիմնարկեքը, սեպտեմբերի 27, 2013թ.:
Բագրատաշենի նոր անցակետի շինարարական հիմնական աշխատանքների ավարտը 2015-ի սեպտեմբերն է, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ. այս մասին, ինչպես հաղորդում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ասել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:
Անցակետում կառուցվելու է մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի` երկուսը` բեռնատար, երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Գործելու է նաև առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար: 10 հա տարածքում կառուցվում են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն:
Նախատեսվում է` ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտևի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչև 10 րոպե:
Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասները միացնող Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետում նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013թ. օգոստոսին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Գուգարքի մաքսատունն այն հանգույցն է, որի միջոցով, ըստ ֆինանսների նախարարության, ապահովվում է երկրի արտաքին առևտրի մոտ 70 տոկոսը:
Civilnet











