Մայիսին ջրօգտագործողների 80 հազար հեկտար հողատարածություններին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 30-ի նիստին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, և որոշվել է մայիսի ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ընկերություններին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու:
Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով նաև հանգամանքը, որ երկրի որոշ տարածաշրջաններում վեգետացիայից առաջ անհրաժեշտ է խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալած հողերի լվացում: Բացի այդ՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր, որ գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաև հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ և վարարումներ:
Civilnet











