Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ամիսներ տևած բանակցություններից հետո համաձայնել է զեղչ տրամադրել Թուրքիայում գործող մասնավոր ընկերություններին` Enerco Enerji-ին, Bosphorus gas-ին, Avrasya gaz-ին, Shell-ին, Bati Hatti-ին, Akfel gas-ին և Kibar Enerji-ին, որոնց բաժին է ընկնում Թուրքիա ռուսական գազի ներկրման ավելի քան 1/3-ը:
Ռուսական «Կոմերսանտ» թերթը հաղորդում է, որ մինչ այս նշված ընկերությունները ստիպված էին գազի համար վճարել 2014թ. գնով` $374` 1000 խմ-ի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է Եվրոպայում շուկայական ընթացիկ մակարդակը: Թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ այժմ առաջին եռամսյակում գինը կկազմի մոտ $300/1000 խմ, երկրորդ եռամսյակում` մոտ $260/1000 խմ: Փոխվել է նաև պայմանագրում գնագոյացումը. 2014թ. գործած ֆիքսված գնի փոխարեն կողմերը վերադարձել են նավթային ինդեքսավորման: Նոր պայմանագիրը գործելու է հետին թվով` հունվարի 1-ից մինչև տարվա վերջ: Այսինքն` «Գազպրոմը» ստիպված է ներկրողներին վերադարձնել արդեն արված վճարումների մի մասը, «Կոմերսանտի» գնահատմամբ` $250-300 մլն:
2014թ. Թուրքիան «Գազպրոմից» գնել է 27.3 մլրդ խմ գազ, սակայն հիմնական ծավալը բաժին է ընկել պետական Botas ընկերությանը: Վերջինիս հետ «Գազպրոմը» նույնպես բանակցություններ է վարում զեղչի շուրջ, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային պաշտոնապես խոստացել էր «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում: [«Թուրքական հոսք» գազատարի նախագիծ, որը ծրագրվում է անցկացնել Սև ծովի հատակով` Անապայից Թուրքիա: Այնուհետ Թուրքիայի և Հունաստանի սահմանին նախատեսվում է կառուցել գազային հաբ, որով գազը պետք է առաքվի եվրոպական երկրներ: Գազատարի կառուցման համար Ռուսաստանի տարածքում օգտագործվելու է փակված «Հարավային հոսքի» համար ավելի վաղ կառուցված ենթակառուցվածքը – խմբ.]: Ի սկզբանե նախատեսվում էր, որ մասնավոր ներկրողները զեղչ կստանան «Գազպրոմի» և Botas-ի բանակցությունների ավարտից հետո. ներկրման գինը մասնավորների համար պետք է ավելի ցածր լինի, քան պետական ընկերության համար, որպեսզի նրանք կարողանան աշխատել Թուրքիայի սուբսիդավորվող ներքին շուկայում:
«Կոմերսանտի» տեղեկություններով` «Գազպրոմի» և Botas-ի բանակցություններն արդեն մեկուկես ամիս է` փակուղի են մտել, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է իրենն առաջ տանել: Botas-ը կորուստներ է կրում` վճարելով գազի համար մոտ $370/1000 խմ, թեև եվրոպական շուկայում գները $100-ով ցածր են: Թուրքական կողմի դրությունը բարդացնում է նաև լիրայի արժեզրկումը, որը տարվա սկզբից դոլարի նկատմամբ էժանացել է 14%-ով, իսկ Անկարայի համար ծայրահեղ անցանկալի կլինի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բարձրացնել գազի սակագինը:
«Գազպրոմը» մեծապես շահագրգռված է «Թուրքական հոսքի» կառուցմամբ, մասնավորապես այն պատճառով, որ ընկերությունն արդեն կորցրել է մի քանի հարյուր միլիոն եվրո` վճարելով Վառնայում արդեն վեցերորդ ամիսը սպասող խողովակադիր նավերի պարապուրդի դիմաց: Բացի այդ` «Գազպրոմը» ռիսկի է ենթարկում նաև շուկայում իր մասնաբաժինը. փետրվարից Թուրքիան ակտիվ մեծացնում է սփոթային հեղուկացված գազի գնումները, որն այժմ 50 դոլարով էժան է ռուսականից: Ապրիլին Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարումները մոտ 38%-ով անկում են ապրել` համեմատ անցյալ տարվա:
«Կոմերսանտը» գրում է, որ այժմ, սակայն, բանակցությունները բարդացնում է նաև քաղաքական գործոնը. ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինն այցելեց Երևան` 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին, ինչը կտրուկ դեմարշ առաջացրեց Անկարայում: Միաժամանակ, փորձագետները կարծում են, որ դիվանագիտական «խոսքակռիվները» չեն փոխում այն փաստը, որ «Թուրքական հոսքը» ձեռնտու է Թուրքիային: Ըստ փորձագետների` զեղչի վերաբերյալ բանակցություններում խնդիրն այն է, որ թուրքերը չեն կատարել գազատարի հարցով անհրաժեշտ քայլերը ու որևէ համաձայնագիր չեն ստորագրել, և «Գազպրոմը» ստեղծված անորոշ իրադրությունում մասնավոր ներկրողներին զեղչ է տրամադրել, որպեսզի թույլ չտա շուկայում իր մասնաբաժնի կրճատում:
Civilnet











