Մայիսի 5-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրեց ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը: Կառավարությունը «Եկամտային հարկի մասին» օրենքով առաջարկում է 13 տոկոս եկամտային հարկ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքած պայմանագրով աշխատում են ՀՀ սահմաններից դուրս և իրականացնում են շինաշխատանքներ: Ըստ կառավարության՝ դրա նպատակն է խթանել շինաշխատանքների արտահանումը ՀՀ-ից և ստեղծել մեխանզիմներ, որ արտագնա աշխատանքներ իրակնացնող ՀՀ քաղաքացիները ստանան օրինական ձևակերպում, և նրանց եկամուտներից ստացված հակերը ուղղորդվեն ՀՀ բյուջե:
«Շահութահարկի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնցով 5 տոկոս շահութահարկ կսահմանվի այն գործատուների համար, որոնց ծրագրերը հավանության կարժանան կառավարության կողմից:
«Տրամաբանությունը հետևյալն է՝ մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարակական աշխատանքներ, սակայն մեր երկրում որևէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Նպատակն այն է, որ գրանցում ստանան ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում՝ տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ: Ստացվում է, որ միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ Ռուսաստանում կազատվի»,- խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, որը ներկայացնում էր փոփոխությունների փաթեթը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե զարմացած է, որ «նման լուրջ օրենքը այսպիսի թեթևամիտ ձևով է քննարկվում». «Օրենքը որևէ քննադատության չի դիմանում: Մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը: Առաջին անգամ եմ տեսնում, որ որոշել են հարկային դաշտը տարբերակել ըստ աշխատանքների: Պետք չէ ինձ հակառակը համոզել: Ի՞նչ եք ասում սրանով, ասում եք՝ արտագաղթիր: Հոգնե՞լ եք մեզնից: Ո՞նց կարող է նման օրինագիծ մտնել ԱԺ: Մենք դարձել ենք մաֆիոզ ԱԺ»,- ասաց Բագրատյանը:
Վախթանգ Միրումյանը, ի պատասխան նշեց, որ «դաշտ է ստեղծվում, որպեսզի օրինական ձևակերպում ստանա շինաշխատանքների մեկնողների գործունեությունը, և այդ դրանից օգտվի նաև ՀՀ-ն»:
Civilnet











