Նյու Յորքում տեղի կունենա Պենդերեցկիի` Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության պրեմիերան

Նյու Յորքի «Քարնեգի հոլ» համերգասրահում մայիսի 26-ին տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի հաջորդ համերգը:
Համերգին ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր» կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Ծրագիրն ընդգրկում է Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Պենդերեցկիի, Շոպենի ստեղծագործությունները: Համերգին տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկիի` Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության համաշխարհահային պրեմիերան:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի 2015-ի համերգաշրջանը մեկնարկել է ապրիլի 2-ին` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Եվգենի Կիսինի ելույթով: Փառատոնի 2015թ. բոլոր համերգները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի փառատոնն իրականացնում է նաև «Քեզ հետ, Հայաստա՛ն» ծրագիրը, որի շրջանակում արտասահմանցի հեղինակավոր երաժիշտները աշխարհի տարբեր բեմերից բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության մասին: Ծրագրի առաջին համերգը կայացել է Երուսաղեմում` Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Իրադարձություն
Civilnet










