Գլխավոր Լրահոս

Հայաստանը Վենետիկի բիենալեում շահել է լավագույն ազգային մասնակցության մրցանակը

Հայաստանը Վենետիկի բիենալեում շահել է լավագույն ազգային մասնակցության մրցանակը
Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 2015թ. բիենալեում շահել է «Ոսկե առյուծ» մրցանակը լավագույն ազգային մասնակցության համար: Այս մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության կայքէջը: Վենետիկի 56-րդ բիենալեին մասնակցում է 53 երկիր։ Այն շարունակվելու է մինչև նոյեմբեր: Հայաստանը հեղինակավոր հարթակում ներ­կայանում է «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազարոս կղզում` Մխիթարյան միաբա­նության տարածքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստա­գետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի տաղավարի համադրողն է միջազգայնորեն հայտնի մասնագետ Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: «Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը: Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների` անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը: Մայիսի 6-ին տեղի ունեցած Հայկական տաղավարի բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբահայր Եղիա Քիլաղբյանը, իտալացի հայտնի արվեստագետներ ու արվեստասերներ: Տպագրվել է հայկական տաղավարում ներկայացված արվեստագետների աշխատանքների կատալոգը, որի հրատա­րակությունը իրականացրել է հանրահայտ իտալական «Սկիրա» («SKIRA») հրատարակչությունը: Հայկական տաղավարը ներկայացնող արվեստագետներն են՝ Նինա Խաչատուրյան (ԱՄՆ, Ֆինլանդիա), Սիլվինա Տեր-Մկրտիչյան (Արգենտինա, Գերմանիա), Հայկ Այվազյան (Լիբանան), Մելիք Օհանյան (Ֆրանսիա), Մխիթար Կարապետյան (Բելգիա), Նիկոլ Բեզջյան (ԱՄՆ, Սիրիա), Աննա Բողիգյան (Եգիպտոս, Կանադա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա), Երվանդ Ջանիկյան և Անջելա Ռիկի Լուչի (Իտալիա), Արամ Ջիբիլյան (ԱՄՆ), Սարգիս (Թուրքիա, Ֆրանսիա), Հրայր Սարկիսյան (Սիրիա, Մեծ Բրիտանիա), Այկատերինի Ջեգիսյան (Հունաստան), Հերա Բույուկթաշջիյան (Թուրքիա), Ռենե Գաբրի և Այրին Անաստաս (Իրան, Պաղեստին, ԱՄՆ): Հայաստանը բիենալեում ներկայացնում է Միքայել Օհանջանյանը: Հայկական ցուցահանդեսն անցկացվում է հայության համար խորհրդանշական վայրում՝ Սուրբ Ղազարոս կղզում: Այստեղ է հայ վանական Մխիթարը 1717թ. հիմնադրել Մխիթարյան միաբանությունը: 19-րդ դարի սկզբին այստեղ էր եկել Լորդ Բայրոնը հայերեն ուսանելու համար: Եվրոպական գրականության բազմաթիվ կարևոր աշխատությունների հայերեն թարգմանությունը հենց այստեղ է եղել առաջինը: Իր երեքդարյա պատմության մեջ Սուրբ Ղազարոս կղզում անգնահատելի գործ է արվել պահպանելու հայոց մշակութային ժառանգությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում