Միջազգային մամուլի անդրադարձը Վենետիկի բիենալեում Հայաստանի հաղթանակին

Բրազիլահայ Ռոզանա Փալազյանի աշխատանքը
Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 2015թ. բիենալեում շահել է «Ոսկե առյուծ» մրցանակը լավագույն ազգային տաղավարի համար: Հայաստանը հեղինակավոր հարթակում ներկայանում է «Հայություն» (Armenity) խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազարոս կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստագետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի տաղավարի համադրողն է միջազգայնորեն հայտնի մասնագետ Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:
Հայաստանի տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազարոս կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում:
Վենետիկի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի հաղթանակին անդրադարձել են միջազգային մի շարք պարբերականներ, որոնց թվում՝ արվեստի համաշխարահյին նորությունները լուսաբանող Art Newspaper-ը՝ «Հայկական տաղավարում արվեստը ներկայացված է՝ որպես կյանքի վերահաստատում» վերնագրով իր հրապարակման մեջ:
«Միաբանության ներսում հավաքված կրոնական սրբապատկերների, պատմական նմուշների, գրական տեքստերի, նկարների և հնությունների շարքին ցուցադրությունը ավելացնում է տարբեր պատմություններ»,- նշում է մշակութային պարբերականը:
«Արվեստագետները, որոնք ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են, փորձում են գտնել անձնական և ընդհանուր պատմությունը պատկերելու այլընտրանքային ռազմավարություն»,- գրում են Art Newspaper-ի հոդվածագիրներն ու առանձին-առանձին վերլուծում նկարիչներից յուրաքանչյուրի աշխատանքը:
Ռենե Գաբրի և Այրին Անաստաս, Իրան/Պաղեստին/ԱՄՆ
Հոդվածը եզրափակվում է բիենալեին մասնակցող հայ արվեստագետների խոսքերով. «Արվեստի անհրաժեշտությունը՝ որպես կյանքի վերահաստատում և որպես դիմակայություն մահվան, ցեղասպանության դեմ»:
BBC-ն Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարի հաղթանակի մասին գրել է. «Տաղավարը կոչվում է Armenity՝ անգլիականացված բառ, որը ծագում է ֆրանսերեն Arménité-ից. այն նշանակում է ցեղասպանությունը վերապրածների զավակներ և թոռներ: Նրանք սփռվել են աշխարհով մեկ, սակայն պահպանել են իրենց կապը հայերեն լեզվի, հայոց պատմության, մշակույթի և ավանդույթների հետ»:
«Նկարիչներից յուրաքանչյուրի ստեղծագործության մեջ արտացոլված են ոչ միայն Հայաստանի մշակույթն ու ավանդույթները, այլև այն երկրի, որը նրանց համար դարձել է հարազատ տուն»,- գրում է BBC-ն:
Ֆրանսիական Le Figaro-ին Հայաստանի հաղթանակը զարմացրել է:
Իսկ ֆրանսիական Le Figaro-ն Հայաստանի տաղավարի հաղթանակի մասին իր հոդվածն սկսել է այսպես. «Արդյոք զարմանալի չէ՞: Վենետիկի 56-րդ բիենալեի «Ոսկե առյուծը» ստացավ Հայաստանի Հանրապետությունը, որի տաղավարը ցուցադրված է հայերի Սուրբ Ղազարոս կղզում»:
Գերմանական Deutsche Welle պարբերականը 2015թ. Վենետիկի բիենալեին անդրադարձել է «Ոսկե առյուծ հայերի համար» վերնագրով իր հոդվածում:
Civilnet










