Կնեսետի խոսնակ Յուլի Յոել Էդելշտեյնը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկանում ենք Իսրայելի խորհրդարանի պաշտոնական կայքից, մայիսի 12-ին Կնեսետում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լիագումար հատուկ նիստ: Իր ելույթում Էդելշտեյնն ասել է, որ որպես ցեղասպանություն տեսած ազգ` հրեաները «չեն կարող աչք փակել կամ նվազեցնել Հայոց ողբերգության մասշտաբը»:
«Գաղտնիք չէ, որ Իսրայել պետությունը երկակի դիրքորոշում է որդեգրել ցեղասպանության հարցում: [Տարբեր] հանգամանքներ` քաղաքական և այլն, հանգեցրել են Իսրայելի` չափազանց ոչ վճռական և զսպված դիրքորոշման»,- ասել է նա՝ Իսրայելին կոչ անելով վերանայել պաշտոնական դիրքորոշումը, «քանի որ մեզնից ոչ ոք չի կարող փոխել պատմությունը»:
Էդելշտեյնը նշել է, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով իր կողմից Երևան էր ուղարկվել Կնեսետի պատվիրակությունը` ի դեմս պատգամավորներ Նաչման Շայիի և Անատ Բերկոյի, մինչդեռ կառավարությունը որևէ ներկայացուցիչ չէր ուղարկել հիշատակման արարողությանը:
Մայիսի 12-ի նիստին Շային ասել է, որ «կան նմանություններ և տարբերություններ Հոլոքստի ու Հայոց ցեղասպանության միջև». «Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ 100 տարի անց ժամանակն է` մարդկությունն արթնանա»:
Բերկոն ասել է, որ «համեմատության եզր չկա Եվրոպայի հրեաների Հոլոքոստի և հայերի ու թուրքերի միջև գոյություն ունեցած հակամարտության միջև»: «Առերեսվելով հայերի պատմական հիշողությանը` ես դեռ զգում եմ, որ վերքը խորապես բաց է մնացել»,- ասել է նա:
«Մերեց» կուսակցության առաջնորդ Զեհավա Գալոնն աջակցել է Կնեսետի խոսնակի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին: «Սա քաղաքական խնդիր չէ, այլ բարոյական: Ցավոք, երկար տարիներ այս հարցն օգտագործվել է որպես «խաղազինվոր» Իսրայել պետության արտաքին քաղաքականությունում, որն ընտրել է ճշմարտությունն ու հիշողությունը շահերին զոհաբերելը»:
***
Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ [նշվում է հունվարի 27-ին - ՍիվիլՆեթ], խոսել էր նաև Հայոց ցեղասպանության մասին՝ ակնարկելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Հայոց ցեղասպանության համատեքստում, սակայն, նա խոսել էր նաև Խոջալուի դեպքերի մասին:
Ապրիլի 26-ին Ռեուվեն Ռիվլինն իր նստավայրում հանդիպել էր Իսրայելի հայ համայնքի ղեկավարներին` հիշատակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայկական համայնքի ներկայացուցիչներն այսպիսի առիթով առաջին անգամ էին հրավիրվել Իսրայելի նախագահի մոտ:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Երևանում Իսրայելը ներկայացրել էին Կնեսետի պատգամավորներ Նաչման Շային և Անատ Բերկոն:
Իսրայելցի հայտնի ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնի կարծիքով՝ դատապարտելի է, որ մինչ այժմ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դատապարտելի է նաև, որ Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանության համատեքստում խոսել է Խոջալուի մասին: ՍիվիլՆեթի cԿԱՃԱՌ հաղորդմանը կարդացած դասախոսությունում պրոֆեսոր Աուրոնը պատմել է, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը: