Գլխավոր Լրահոս

Իսլամական պետության և Թուրքիայի սահմանները. Շահան Գանտահարյան

Իսլամական պետության և Թուրքիայի սահմանները. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Իսլամական պետության և Թուրքիայի սահմանները» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության ընդհանուր քարտուղար Կյուրսել Թեքինը մայիսի 7-ին թուրքական «Թարաֆ» օրաթերթում լույս տեսած հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան մեկ-երկու օրից Սիրիայում զինվորական գործողություն է իրականացնելու։ Նա իր աղբյուրը  «հավաստի» էր համարել և Դավութօղլուից պահանջել բացատրություն տալ կամ հերքել լուրը:

Թուրքիայի վարչապետը բանավոր հերքեց լուրը, սակայն գործնապես հաստատեց դրա իրավացիությունը: Ուրֆայի նահանգում ընտրական հավաքից հետո թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարի ընկերակցությամբ զրահապատ մեքենաներով և ուղղաթիռների  պաշտպանության ներքո մուտք էր գործել Սիրիա և այցելել սիրիական Աշմե գյուղի մոտ և Թուրքիայի սահմանից 253 մետր հեռավորության վրա գտնվող Սուլեյման շահի դամբարանը, որտեղ ամփոփվել են Օսմանյան կայսրության հիմնադրի մեծ հոր աճյունները: Այս աճյունների շրջապտույտը` ներխուժումով Թուրքիա փոխադրել, ապա դարձյալ Սիրիա, այլ «ապահով» շրջան, խորքում միտում ունի արդարացնել թուրքական ներխուժումները: Իբրև թե թուրքական բուռն ընդդիմություն աճյունների փոխադրության հարցով և ահա Անկարան որոշել էր վերստին Սիրիա տեղափոխել աճյունները: Օսմանյան կայսրության նախահոր աճյունները մնայուն պատրվակ են Անկարայի համար նման ներխուժումներ կազմակերպելու համար:

Սահմանային և տարածքային ոտնձգություններ իրականացնելու համար աճյունների պաշտպանության պատրվակով կատարված այս գործողությունները ունեն և պիտի ունենան դեռևս իրենց հետևողականությունը: Ի տարբերություն նախորդ զինվորական գործողություններին` այս անգամ Թուրքիայի վարչապետը անձամբ մասնակցել է ոտնձգությանը` թուրքական այս ազատ ելումուտը նվիրականացնելու և զինվորականին առընթեր նաև քաղաքականացնելու: Հետևաբար այս դեպքում ուշադրությունը պետք է կենտրոնացնել գործողության նախօրյակին կատարված հայտարարությունների վրա: Դրանցից գլխավորը հետևյալն է. «Թուրքիան Սիրիայի հետ սահմանը պիտի ջնջի, երբ սիրիացի ժողովրդի իսկական ներկայացուցիչը հաղթանակ արձանագրի»:

Այս հայտարարությանը նախորդել են խաղաղասիրական բնույթի խոսքեր, թե եղբայրասպան կռիվները պետք է դադարեն Սիրիայի տարբեր շրջաններում, և թե Դամասկոսը պետք է դառնա խաղաղության մայրաքաղաք: Տակավի՛ն. ամբողջ տարածաշրջանը հրդեհ է բռնկվել, իսկ Թուրքիան դիմանում է շնորհիվ իր ժողովրդավարության և ներքին միասնականության:

Թուրքական դիմադրողականությունը նման բանաձևումով բացատրելով` ի դիմաց միջազգային ընտանիքի, Անկարան արաբական գարնան արծարծած թեմաներով փորձում է բացատրել ամբողջ տարածաշրջանի և այս դեպքում Սիրիայի ներքին պատերազմների բուն շարժառիթները: Շրջանը գարնանային արթնացման տանող իբրև թե ժողովրդավարացման կարգախոսի օգտագործումով Անկարան փորձ է կատարում միանալ Արևմուտքի հնչեցրած առաջադրանքներին և խոստանալ սահմանների ջնջում, եթե Սիրիայում ժողովրդավարությունը հարգվի և ժողովրդի ներկայացուցչությամբ իշխանություն կազմվի:

Զինվորական ներխուժումով, սահմանային ոտնձգությամբ և տարածքային ամբողջականության ուղղությամբ միջազգային օրենքի խախտում կատարելով` Անկարան իբրև ժողովրդավարության ռահվիրա է ներկայանում։

Նման անարգել ներխուժումով սակայն, Անկարան պետք է հաշվի առնի, որ տալիս է այն փաստը, որ ինքն արդեն ջնջել է իր սահմանը Սիրիայի հետ. գեթ այն հատվածները, որտեղ իր կողմից աջակցություն ստացող ծայրահեղական խմբավորումներ են վերահաստատվել։ Վերահսկվում են նաև Օսմանյան կայսրության նախահոր աճյունների տարածքները:

Իսկ եթե սահմանները ջնջվել են, և անարգել է զինվորական ու պետական այրերի ելումուտը, դա նշանակում է, որ Անկարան, Դավութօղլուի տրամաբանությունը ընդունելով, Իսլամական պետությունում է տեսնում Սիրիայի իրողական ներկայացուցիչները: Իսլամական պետությունում է տեսնում նաև իր ակնարկած ժողովրդավարական կարգերը։ Այո՛. Իսլամական պետության և Թուրքիայի միջև ջնջվել են սահմանները: Եվ այդ տարածքները թուրքական զորքերը ոչ թե ներխուժում են, այլ պարզապես հանգիստ այցելում` վարչապետի գլխավորությամբ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում