Կառավարությունը 160 հազ. եվրոյին համարժեք դրամ կհատկացնի արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռների պահանջը կատարելու համար: Համապատասխան որոշումը գործադիրը կայացրել է մայիսի 14-ի նիստին:
Խոսքը երեք գործերի մասին է`«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» (52 հազ. եվրոյին համարժեք դրամի փոխհատուցում), «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» (44 հազ. եվրոյին համարժեք դրամի փոխհատուցում) և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» (64 հազ. եվրոյին համարժեք դրամի փոխհատուցում):
ՄԻԵԴ-ը նշված գործերով վճիռները կայացրել էր 2014թ. նոյեմբերի 13-ին: Դրանք օրինական ուժի մեջ են մտել 2015թ. փետրվարի 13-ին, և հետևաբար վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2015թ. մայիսի 13-ն էր:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, որոշման նախագիծը ներկայացնող արդարատադության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ բացի 160 հազ. եվրոյին համարժեք դրամի փոխհատուցումից` պետք է փոխանցվի հավելյալ 150 եվրո գումար` վերջնաժամկետի լրանալու պատճառով:
Խոսելով ՄԻԵԴ-ում պարտված գործերի վիճակագրության մասին` արդարդատության նախարարն ասաց, որ իրենք որոշակի վերլուծություն են կատարել և պարզել են, որ 2010-ից մինչև 2015թ. Հայաստանը Եվրադատարանում պարտվել է 31 գործ: Միաժամանակ Մանուկյանն ընդգծեց, որ «թե´ պարտված գործերի քանակով և թե´ ընդհանուր գործերի քանակով Հայաստանը լավ վիճակում է` այլ երկրների համեմատ», ու որպես օրինակ նշեց Ադրբեջանը, Մոլդովան, Բուլղարիան և Հունգարիան, որոնք ունեն մի քանի անգամ ավելի շատ պարտված գործեր և ավելի մեծ գումար են վճարել իրենց քաղաքացիներին:
«Մեր վիճակը բարվոք է»,- ասաց նա:
Մանուկյանը նաև անդրադարձավ այն հարցադրմանը, որ պարտված գործերով պետք է վճարեն այդ վճիռները կայացրած դատավորները: Նա ասաց, որ նման հարցադրումը կոռեկտ չէ, և որ որևէ երկրում նման պրակտիկա չկա:
ՄԻԵԴ-ը բավական վերջերս` մարտի 31-ին, ևս երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որոնցով Հայաստանը պետք է փոխհատուցի մոտ 70 հազ. եվրո:
Civilnet











