Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանը իր ղեկավարած կառույցի համար հիմնավոր չի համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության [ՀԷՑ] կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը:
«Այսօրվա հայտերն ինձ համար որևէ հիմք չեն կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված են այսօրվա հայտերը: Ավելի քան հիմնավորված են ո՞ւմ համար: Ես չգիտեմ` ում համար: Համենայնդեպս` ոչ մեր կառույցի համար: Դրա համար մենք ստեղծված ենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրներին ավելի քան մասնագիտական պատասխան տալ: Համբերե´ք, և դուք այդ պատասխանը կստանաք»,- մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Նազարյանը: (Նազարյանի հետ տեսազրույցը հրապարակել է Henaran.am կայքը)
Դիտարկմանը, թե ինչու պետք է Հայաստանի քաղաքացին վճարի օտարերկրյա ընկերության կրած վնասների համար, ՀԾԿՀ նախագահը պատասխանել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որը առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու»:
Լրագրողի «անցած տարի թանկացավ այդ հիմնավորմամբ» դիտարկմանը, նա պատասխանել է. «Դա կապ չունի այն վատ մենեջմենթի արդյունքում ձևավորված վնասների հետ: Այսօր նա [ՀԷՑ-ը – խմբ.] ունի 109 մլրդ դրամի պարտավորություններ ֆինանսական: Ի՞նչ է` պետք է այդ 109 մլրդ-ը մենք հաշվի առնենք: Ո´չ: Ընդամենը կան այնտեղ վնասներ, որոնք առաջացել են ձեզ հայտնի պատճառներով: Դրանք են` առաջինը` սակավաջրությունը, մեր կանխատեսումների արդյունքում էներգետիկ բալանսում չհամապատասխանությունը, ատոմակայանի երկարաժամկետ... 37 մլրդ դրամի վնաս է կրել ընկերությունը միայն այս երեք կոմպոնենտից: 109 մլրդ-ից հանեք 37 մլրդ-ը` տակը կմնա վատ մենեջմենթը: Եթե դուք մեր հաշվարկների մեջ կտեսնեք, որ այդ վատ մենեջմենթի արդյունքում մենք որևէ լումա փոխհատուցել ենք, այդ դեպքում մեղադրեք մեր կառույցին»,- ասել է Ռոբերտ Նազարյանը:
***
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:
ՀԿԾՀ կայքում նույն օրը տեղադրվել էր տեղեկատվություն, ըստ որի` Հայաստանի գրեթե բոլոր խոշոր էլեկտրակայանները` ՀԱԷԿ-ը, «Սևան Հրազդան կասկադը», Երևանի ջերմաէլեկտրակայանը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «5-րդ բլոկը», դիմել են ՀԾԿՀ-ին` իրենց արտադրած էլեկտրաէներգիայի գնման գինը բարձրացնելու հայտով: Ընդ որում` արտադրողներն առաջարկում են իրենց արտադրանքի գները բարձրացնել էականորեն` մինչև 50%-ով:
Civilnet











