Կառավարությունը 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ մայիսի 14-ին աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն կազմակերպելու համար: «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:
«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայմանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- ֆաբրիկա այցից հետո ասել է վարչապետը:
Civilnet











