«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և փոխտնօրեն Սերգեյ Թանթուշյանը, Թբիլիսիում մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և գործարար համաժողովին:
RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հրավիրվել էր համաժողովի հիմնական՝ «Հեղափոխական ուղու էվոլյուցիան: Իրականություն կերտած ընկերությունների պատմություններ» խորագիրը կրող թեմատիկ քննարկման բանախոս, ասված է տարածված հաղորդագրությունում:
Քննարկումը նվիրված է եղել մասնավոր ընկերությունների առաջընթացին և երկրների տնտեսության ու հասարակության մեջ նրանց ունեցած դերին:
Խոսելով ձեռներեցության գաղտնիքների մասին, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Երբ դա ձեր սեփական բիզնեսն է, մշտապես կարիք ունեք լինել իրադարձությունների կենտրոնում և հանդես գալ նախաձեռնություններով, քանի որ ուրիշ ոչ ոք հոգ չի տանի ձեր բիզնեսի մասին այնպես, ինչպես դուք ինքներդ»:
«Ներկայում ձեռներեցները պետք է հետևյալ հիմնական հմտությունները ունենան. չվախենալ հարմարավետության գոտին լքելուց, չվախենալ անհաջողությունից և նորից սկսելուց, չվախենալ այնպիսի գործեր ձեռնարկելուց, որոնց մասին ոչինչ չգիտեք, քանի որ ժամանակի ընթացքում դուք կստանաք ողջ տեղեկատվությունը, բայց արդեն ուշ կլինի....
Հետագա առաջընթացի համար ֆինանսական միջոցները, իհարկե, կարևոր են, բայց դրանք ամեն ինչ չեն որոշում: Առանց տեսլականի և տքնաջան աշխատանքի, ոչ մի բիզնես չի կարող դիմակայել»:
IDeA-ն աջակցում է Սբ Գևորգ եկեղեցու վերանորոգմանը
Համաժողովի շրջանակում IDeA հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ:
Վերջինիս հետ հանդիպմանը քննարկվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերանորոգման, շրջակա տարածքի բարեկարգման, ինչպես նաև եկեղեցու վերաբացման արարողության հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքապետարանը և IDeA-ի թիմը կհամագործակցեն վերականգնման աշխատանքների ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման գործում:
Եկեղեցու վերակառուցման ընթացքին և վերաբացմանն առնչվող հարցերը Ռուբեն Վարդանյանը քննարկել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերակառուցման ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից: Այն մեկնարկել է 2012թ.: Վերականգնված և վերակառուցված եկեղեցու վերաբացումը նախատեսվում է գալիք աշնանը:
Civilnet











