Գլխավոր Լրահոս

Բերձորի (Լաչին) առումը. չհիշատակվող հաղթանակ

Բերձորի (Լաչին) առումը. չհիշատակվող հաղթանակ

1992-ի մայիսի 18-ն հայկական ուժերը վերցրին Բերձորը (Լաչին):

Օրերս աչքովս ընկավ և շատ ուժեղ տպավորություն թողեց 1992-ի մայիսի 17-20-ի ընթացքում նկարահանված մի կարճ տեսանյութ. Արցախյան պատերազմի ամենից վառ անհատականություններից Դուշմանը՝ Վարդան Ստեփանյանը, ինքնաձիգը ուսին, բարձրացել է խոշոր ադրբեջանատառ ԼԱՉԻՆ պատվանդանի վրա: Ներքևից ազատամարտիկներից մեկը հարցնում է.

- Վարդա՛ն, ի՞նչ զգացողություն ունես:

- Կարծես աշխարհը լինի ոտքերիս տակ:

Շուշիի հաղթանակից հետո Դուշմանը ուներ մեկ այլ երազանք՝ տուն՝ Երևան վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով:

1992-ի մայիսյան այդ օրերին հայկական ուժերը Շուշիից և Գորիսից շարժվեցին դեպի Լաչինի միջանցք: Շուշիի պարտությունից հոգեբանորեն ջախջախված ադրբեջանական ուժերը առանց կատաղի մարտերի թողեցին Լաչինն ու շրջակա գյուղերը: Հայաստանի և չորս կողմերից շրջափակված Արցախի միջև հաստատվեց մարդասիրական միջանցք՝ կյանքի ճանապարհ:

Արցախյան պատերազմի երեք տարիների ընթացքում հայկական ուժերի հաղթանակների շարքում, զարմանալիորեն, պատշաճ կերպով չի հիշատակվում և նշվում Բերձորի (Լաչինի) առումը: Մինչդեռ դա ոչ միայն ռազմական և ռազմավարական հաղթանակ էր, այլև առաջին հերթին՝ հոգեբանական, գաղափարական ու համահայկական: Չէ՞ որ 1988-ին Արցախյան շարժումն սկսվեց ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարով, իսկ միացում չէր կարող լինել, եթե չլիներ Լաչինի առումը:

Լաչինի առումից ամիսներ առաջ այնտեղ, ինչպես նաև Քարվաճառ (Քելբաջար) է այցելում ամերիկացի լրագրող Թոմաս Գոլցը: «Զարմանալիորեն, այնտեղ խոսում էին քրդերեն, այլ ոչ թե ադրբեջաներեն»,- իր գրքում գրում է Գոլցը:

Իրականում զարմանալու բան չկա, քանի որ ավելի քան երկու հարյուրամյակ, մինչև 1992-1993 թվականները, այնտեղ գերազանցապես բնակվում էին քրդեր: Նրանք այս տարածքներում բնակեցվել էին Իրանում իշխող Ղաջարների հարստության ժամանակներից: Հարյուրամյակներ՝ ինչպես Արցախն ու Զանգեզուրը, այնպես էլ Անդրկովկասի մեծ մասը եղել են Պարսկաստանի կազմում:

1923-ին Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի և Ղուբաթլուի շրջանների տարածքներում ձևավորվեց Կարմիր Քուրդիստանը: Հենց նույն տարում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այսպիսով, քարտեզը այնպես գծվեց, որ Արցախն ու Հայաստանը չունենան ընդհանուր ցամաքային սահման: Կարմիր Քուրդիստանը շուրջ 7 կմ ցամքային ճանապարհով միմյանցից հեռացրեց Հայաստանն ու Արցախը:

1930-ին Կարմիր Քուրդիստանը լուծարվեց: Խորհրդային տարիներին Հայաստանը և Արցախը մինյանցից բաժանված մնացին Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններով:

Հայաստանն ու Արցախը վերամիավորվեցին 1992-ի մայիսյան այս օրերին:

Մոտ մեկ տարի անց հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառ: Այդ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քարվաճառով կառուցում է Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայր ճանապարհը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում