Գլխավոր Լրահոս

Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է. Արամ Ա-ն՝ New York Times-ին

Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է. Արամ Ա-ն՝ New York Times-ին
  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ապրիլի 28-ին դատական հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի իր պատմական կաթողիկոսարանի վերադարձը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն New York Times-ի հետ զրույցում ասել է, որ «դա առաջին իրավական քայլն է թուրքերից հայոց սեփականությունը պահանջելու ուղղությամբ»: «Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- ասել է կաթողիկոսը: «Հայոց եկեղեցու ներկայացրած դատական հայցը՝ մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, իրենից օտարված հնագույն նստավայրը վերադարձնելու վերաբերյալ, առաջին իրավական քայլն է թուրքերից հայերի սեփականությունը պահանջելու ուղղությամբ, ասում է հայոց եկեղեցու առաջնորդը»,- գրել է New York Times պարբերականը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն տեղեկացրել է, որ եթե Թուրքիայի դատական իշխանությունը մերժի հայցը, «դա ավելի կխորացնի նրա և 10 մլն-անոց հայկական սփյուռքի բաժանումը»: Արամ Ա-ն պատմել է, որ որոշել է հայց ներկայացնել 30 իրավագետների հետ խորհրդակցելուց հետո, այդ թվում՝ Թուրքիայից: Նա կարծում է, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը կարևոր են, սակայն «ժամանակն է, որ շեշտը դրվի հատուցման վրա»: «Դա եկեղեցու նստավայրն է: Սա առաջին իրավական քայլն է, որին հետևելու է մեր պահանջը՝ վերադարձնել բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցու հետ կապված ունեցվածքը, և, ի վերջո, անձնական սեփականությունը: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- նշել է Արամ Ա-ն: Ինչպես նշում է հոդվածագիր Ռիք Գլեդսթոունը, մինչև այժմ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չի արձագանքել հայցին, և հայոց եկեղեցու առաջնորդը կարծիք է հայտնել, որ դատավորները, հնարավոր է, անտեսում են այն: «Մինչդեռ Քոզանի քաղաքապետ Մուսա Օզթուրքը նախազգուշացրել է, որ եկեղեցին դիմակայության է հանդիպելու: Նա ասել է, որ ոչ մի թիզ հող ոչ մեկին չի հանձնվելու: Քաղաքապետը հայտարարել է, որ եկեղեցին սեփականության իրավունքը հաստատող ապացույց չունի»,- գրում է New York Times-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Արամ Ա-ն ընդունել է, որ փաստաթղթեր չկան, սակայն կարծում է, որ ապացույցի հարցն աբսուրդ է, քանի որ ակնհայտ է սեփականության բնույթը: «Պատկանելության հարցն ակնհայտ է,- ասում է կաթողիկոսը:- Այն հայկական է, ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել այդ սեփականության պատմությունը կամ ինքնությունը»: Արամ Ա-ն հավելել է նաև, որ երբեք հնարավորություն չի ունեցել այցելելու հնագույն նստավայրը, և մտավախություն ունի, որ տեղական իշխանությունները եկեղեցու հայկական բնույթը վերացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել: Նա նաև չի ընդունում այն տեսակետը, թե եկեղեցու հակամարտ կեցվածքը հակասում է քրիստոնեության հիմնարար սկզբունքին՝ ներողամտությանը: «Կարելի է ներել, եթե տեղի է ունեցել խոստովանություն, քավություն և մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր հավատքի և արժեքների մաս է, սակայն, նախևառաջ, Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ»,- եզրափակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Ոչ թե ցեղասպանության ճանաչում, այլ պրագմատիկ պահանջ New York Times-ը զրուցել է նաև եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան, ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր և ցեղասպանագետ Փայամ Ախավանի հետ: Վերջինս ասել է, որ մտադիր է գործը տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Թուրքիայի դատարանը մերժի հայցը: Ախավանի խոսքով՝ դատական հայցը մանրակրկիտ և զգուշորեն է ձևակերպվել՝ ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների թշնամանքը չհրահրելու նպատակով: «Մենք սեփականության պահանջ ենք ներկայացնում, մենք չենք խնդրում, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Ներկայացնում ենք շատ պրագմատիկ պահանջ»,- ընդգծել է իրավաբանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում