Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման ասել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախապատրաստվելու է հռչակագրի առանձին մաս:
Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի գլխավոր թեման ծրագրի վեց երկրների հետ երկկողմ հարաբերություններն են լինելու, այլ ոչ թե իրավիճակը Ուկրաինայում. այս մասին լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման, փոխանցում է լատվիական Leta գործակալությունը:
«Մեզ մոտ կգան Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների ներկայացուցիչները, և խոսքը լինելու է տնտեսական համագործակցության, երկկողմ հարաբերությունների մասին: Իհարկե, ուկրաինական հակամարտությունը շրջանցել չի լինի, սակայն դա չի լինելու գագաթաժողովի կենտրոնական մասը»,- ասել է Լատվիայի վարչապետը:
Ստրաույուման տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երկրի համար նախապատրաստվելու է հռչակագրի առանձին մաս, առանձին միջոցառումներ: «Օրինակ՝ Վրաստանն ու Ուկրաինան անայցագիր ռեժիմի են սպասում, կարծում եմ՝ համապատասխան ժամկետ կսահմանենք: Ներկայում անընդհատ որոշումների համաձայնեցում է ընթանում, որոնք ընդունվելու են ուրբաթ օրը [մայիսի 22 – ՍիվիլՆեթ] ԵՄ 28 ու Արևելյան գործընկերության վեց երկրների միջև: Այդ նպատակով Եվրամիությունը վեց երկրներից յուրաքանչյուրի համար հռչակագրի առանձին մաս է կազմել՝ ցանկանալով ցույց տալ, որ կարևոր է համագործակցությունը բոլոր վեց պետությունների հետ՝ տնտեսական ոլորտում և ապագայում փորձագետների փոխանակման գործում»,- ասել է Լատվիայի վարչապետը:
Հայաստանը՝ Ռիգայում
Դեռևս հայտնի չէ՝ մայիսի 21-22-ը Ռիգայում ինչ մակարդակով է ներկայանալու Հայաստանը, մինչդեռ լատվիական Leta գործակալությունը հաղորդել է, որ արդեն հայտնի է՝ Հայաստանը ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ առաջարկությունների նոր փաթեթ ստորագրել, այն էլ ոչ միայն քաղաքական մասով։ «Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ արդեն պատրաստ է, այն կարող է ընդունվել Ռիգայի գագաթաժողովում, բայց քանի դեռ այդ փաստաթղթերը բանակցային փուլում են, ես չեմ կարծում, որ այս պահին ճիշտ կլինի մանրամասներ հաղորդել։ Բայց հստակ կարող եմ ասել, որ միայն քաղաքական համագործակցությամբ չենք սահմանափակվելու։ Բոլոր այն ուղղությունները, որոնք նախանշվել էին 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, պետք է որ արդեն հաստատում գտնեն այս փաստաթղթերում և ստորագրվեն»,- ասել է ԵՄ դեսպանը։
Գագաթաժողովը հակառուսական է, կարծում են Մոսկվայում
Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման իր հեռուստազրույցում ընդգծել է, որ Ռիգայի գագաթաժողովին Ռուսաստանի դեմ գործողություններ չեն քննարկվելու, նման մտադրություն չկա: «Կարող եմ խոստանալ, որ որևէ դիմակայություն որևէ պետության չի լինելու»,- նշել է Լատվիայի վարչապետը:
Պաշտոնական Մոսկվան, սակայն, այլ կարծիքի է: Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը կայանալիք գագաթաժողովը «հակառուսական» է որակել: «Մենք հետևելու ենք, թե ինչպես է անցնելու գագաթաժողովը, սակայն արդեն ակնհայտ է, որ մեր արձագանքը լինելու է բավական խիստ և սկզբունքային»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան Ռիգայի գագաթաժողովին կներկայանան նախագահի մակարդակով: Վրաստանը գագաթաժողովին կներկայացնի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Դավիդ Քերեսելիձեն, interpressnews.ge կայքի փոխանցմամբ, ասել է, որ գագաթաժողովից ակնկալիքները մեծ են:
«Երբ լավ ես աշխատում, և կան նվաճումներ, իհարկե, առավելագույնն ես ակնկալում: Մենք դեռ ծանոթ չենք հռչակագրի տեքստին, սակայն հուսով ենք՝ մեր ջանքերը դրական կգնահատվեն»,- ասել է Քերեսելիձեն:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա, ըստ Leta գործակալության, դեռ հայտնի չէ՝ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռիգայի գագաթաժողովին: Նրա փոխարեն Բելառուսը հնարավոր է՝ ներկայացնի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
Civilnet











