Պաշտոնական Բաքվի այսօրվա հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց շարքում, առաջնայինը, անկասկած, պետական մակարդակով վարվող այն քաղաքականությունն է, որ սկիզբ է առել 2003թ. սեպտեմբերին, երբ հոգեվարքի մեջ գտնվող Հեյդար Ալիևը վարչապետ նշանակեց որդուն՝ Իլհամին։
Շատերը, այդ թվում՝ միջազգային հանրությունը, ակնկալում էին, որ որդին հորից ավելի լայնախոհ կլինի, քանի որ, ի տարբերություն Հեյդար Ալիևի, ով անցել էր խորհրդային, այդ թվում՝ ՊԱԿ-ի դպրոցը, Իլհամը պետք է որ ժողովրդավար, հանդուրժող, կառուցողական ու բաց լիներ։ Նա ուսանել էր Մոսկվայում՝ ՄԳԻՄՈ-ում, ռուսերենից բացի տիրապետում է անգլերենին ու ֆրանսերենին, ոտի տակ էր տվել աշխարհը։
Հայատյացությունը և պատերազմական հռետորաբանությունը պետական քաղաքականության մակարդակի վրա դնելու առաջին ազդանշանն էր, երբ վարչապետի պաշտոնում Իլհամ Ալիևը Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հորդորեց չշփվել հայերի հետ և չայցելել Լեռնային Ղարաբաղ:
Ապա հետևեց Ռամիլ Սաֆարովի նողկալի արարքը, Բուդապեշտի բանտից նրա անօրինական հայրենադարձությունը և հերոսացումը Ադրբեջանում։ Յուրաքանչյուր առիթով Ալիևը խոսում է նոր պատերազմի մասին։
Լրագրողական փորձից
Սակայն արդյոք միայն Ալիևի և պետական քաղաքականության պատճառո՞վ է, որ Ադրբեջանում հայատյացությունը անցել է բոլոր «թույլատրելի» սահմանները։
Որպես լրագրող, իմ պրոֆեսիոնալ գործունեության 20 տարիների ընթացքում բազմաթիվ անգամ շփվել եմ ադրբեջանցիների հետ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ սկսած ամենաբարձր պաշտոնյաներից։ Ես եղել եմ լրագրողների այն խմբի մեջ, որը 2001թ. ամռանը այցելեց Բաքու։
Վերջին երկու տարիներին, որպես փորձագետ և խորհրդատու, մասնակցում էի հայ-ադրբեջանական մի նախագծի, որի հանդիպումները տեղի էին ունենում Թբիլիսիում։ Նախագծի նպատակն էր երեք մասերից կազմված ֆիլմ նկարել Ղարաբաղյան հակամարտության մասին՝ 1988-ից մինչև մեր օրերը։
Նախագծի շրջանակներում վերջին եռօրյա հանդիպումը տեղի ունեցավ մայիսի կեսերին։ Տունդարձի ճանապարհին ես մտածում էի և ինձ հարց տալիս, թե ինչ նոր բան սովորեցի, և ինչ տվեցին ինձ այդ հանդիպումները։
Ամենից ակնհայտը, որին ես ուշադրություն չէի դարձրել կամ չէի ընկալել նախկինում, հետևյալն էր՝ Ղարաբաղյան հակամարտությունը (շարժում, պատերազմ, նոր ստատուս քվո, փախստականներ և այլն) խոցել ու նեղացրել է ադրբեջանցիներին։ Նրանք համարում են, որ իրենց դեմ մեծ անարդարություն է տեղի ունեցել, և այդ անարդարության կերտողները հայերն են, բոլոր հայերը, այդ թվում՝ ես։ Արդա՞ր է սա, թե՞ ոչ, այլ հարց է, բայց իրողություն է, որ ադրբեջանցիները հե՛նց այդպես են մտածում։ Ընդ որում, այդպես են մտածում նաև այն ադրբեջանցիները (լրագրողներ և ոչ միայն), ովքեր հրապարակավ, մամուլում համարձակություն են ունեցել դատապարտելու Ռամիլ Սաֆարովի արարքը։
Այսօրվա Ադրբեջանում հայատյացության պատճառը ոչ միայն Իլհամ Ալիևի պարբերական ներարկումներն են, այլև անարդարության այն զգացումը, որ ունեն շարքային, չափավոր, հանդուրժող ադրբեջանցիները։
Թաթուլ Հակոբյան











