Մարդու իրավունքների տեսանկյունից ամենաճգնաժամային իրադրությունը Ադրբեջանում է. ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը:
Հարցին, թե վերջին ամիսների իր աշխատանքում ինչ շեշտադրումներ է արել, Մուժնիեքսը պատասխանել է, որ իր ուշադրության կենտրոնում էին Ուկրաինան և Ադրբեջանը. առաջինը՝ ներգաղթի պատճառով, երկրորդը՝ մարդու իրավունքների ոլորտում վատթարացած իրավիճակի:
Ուկրաինայում ԵԽ հանձնակատարի համար մտահոգիչ են ընդդիմադիր լրագրողների և քաղաքական գործիչների սպանությունները: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա «իրականություն են դարձել օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության առթիվ Մուժնիեքսի մտավախությունները»:
«Անհանգստացնում է նաև արտահայտման ազատության մակարդակը և նախաձեռնությունները, որոնք կարող են արգելքի տակ դնել Ղրիմի հետ կապված ցանկացած քննադատական վերլուծություն»,- նշել է Նիլս Մուժնիեքսն ու մտահոգիչ համարել նաև «Լուգովոյի օրենքը», որը թույլ է տալիս առանց դատարանի որոշման կայքեր արգելափակել:
Ամենաճգնաժամային իրադրությունն Ադրբեջանում է
«Կոմերսանտի» հարցին, թե որտեղ է իրադրությունն ամենաճգնաժամայինը, ԵԽ հանձնակատարը պատասխանել է. «Ադրբեջանում: Ադրբեջանցի իմ բոլոր գործընկերները՝ իրավապաշտպանները, անկախ լրագրողները, ազատազրկված են: Նրանք դատապարտվել են կասկածելի մեղադրանքներով: Երբեմն նրանց մեղադրել են միևնույն ժամանակ լրտես և հեղափոխական լինելու մեջ»:
2014թ. ապրիլին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ իր վերլուծության մեջ մտահոգություն էր հայտնել այդ երկրում ազատ արտահայտման, հավաքների և միավորումների ազատության՝ տարեցատարի վատթարացման առթիվ:
«Շարունակվում է այլախոհների, այդ թվում՝ լրագրողների, բլոգերների և ակտիվիստների նկատմամբ արդարացում չունեցող և ընտրողական քրեական հետապնդումը: Դա անընդունելի է,- հայտարարել էր Մուժնիեքսը»:
Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակի մասին պարբերաբար ահազանգում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Նրանք կոչ են անում աշխարհի առաջնորդներին բոյկոտել Եվրոպական խաղերը, որոնք հաջորդ ամիս կանցկացվեն մարդու իրավունքները համատարած խախտող Ադրբեջանում:
Civilnet











