Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկրի տնտեսությունում Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Այնուհետ զրուցակիցները քննարկել են Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը:
Էդուարդո Էռնեկյանի ներդրումներով է կառուցվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրը: Նա ակտիվներ ունի «Կոնվերս բանկում», «Հայփոստում»: Արմավիրի մարզում հիմնադրել է Tierras de Armenia գինեգործական ընկերությունը՝ խաղողի այգիներով: Էռնեկյանը Հայաստանում իրականացնում է նաև մի շարք բարեգործական ծրագրեր:
83-ամյա Էդուարդո Էռնեկյանի կարողությունը հեղինակավոր Forbes հանդեսը գնահատել է 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: Նա Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդն է, որին է պատկանում բազմապրոֆիլ Corporacion America ընկերության հսկիչ փաթեթը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լատինական Ամերիկայի և Եվրոպայի 50 օդանավակայաններում, պաշտոնապես ներկայացնում է Արգենտինայի փոստային ծառայությունը, շահագործում է 250 հազար քառ. կմ հողատարածք գինեգործության համար, ինչպես նաև ներդրումներ է կատարում բազմաթիվ նախագծերում ամբողջ աշխարհում։ Էռնեկյանը նաև Aeropuertos Argentina 2000 ընկերության բաժնետոմսերի 84%-ի սեփականատերն է։ Այն տնօրինում է մասնավոր օդանավակայաններ Արգենտինայում, Իտալիայում և Բրազիլիայում։
Civilnet











