Անվճար համերգի գինը

Ապրիլի 23, Հանրապետության հրապարակ
ՈՒղիղ մեկ ամիս առաջ Երևանի կենտրոնական փողոցների երթևեկությունը փակ էր: ՈՒղիղ մեկ ամիս առաջ Երևանի կենտրոնում ոտքով տեղաշարժվող մարդիկ շտապում էին. վազում էինք դեպի Հանրապետության հրապարակ. չգիտեինք՝ վերջնակետին հասնելու, թե մեկնակետից փախչելու համար, անգիտակցաբար շտապում էինք: Մենք պոկվեցինք մեր տներից, գրասենյակներից, համակարգիչներից, ամեն օրվա խոսակցություններից ու իրականությունից. պոկվեցինք, ցատկեցինք, երգեցինք, բղավեցինք, հուզվեցինք: Հավատացինք, որ մենք՝ հազարներով, մեկ ենք, նոր ենք ու էլ երբեք, երբեք հետ չենք նայելու:
«Հայաստա՛ն, մենք եկել ենք ու էլ հետ չենք գնալու»,- բղավեց Սերժ Թանգյանը, ու մենք՝ հազարներս, բղավեցինք ու հաստատեցինք, որ մենք էլ՝ հազարներս, էլ հետ չենք գնալու. մենք թև ենք առել System Of A Down-ի հետ, մենք մնալու ենք թռիչքի մեջ ու էլ չենք վերադառնալու մեր երիտասարդությունը քամող, մեր երազանքները ճնշող, մեր գույները ջնջող խնդիրների գիրկը: Մենք ոստիկանական բռնությունների շղթան ճեղքել փորձող ու պայքարի ամեն խաղաղ դրսևորման հետ բերման ենթարկվող երիտասարդները չենք, այլ աչքերին շիտակ նայող հազարների ձայնն ենք, որ հնչում է երգերից մեկի ավարտին՝ We won’t be f*ing pushed around anymore: Մենք արդարադատության հաստատման ու մարդաթափության դադարեցման հստակ ու բարձր պահանջն ենք, որ արձագանքեց հազարների աղաղակներում: Մենք շատ ենք ու անվախ, մենք ջերմ ենք ու ուրախ, մենք ժպիտով ենք ընդունում մեր գլխավերևում կախված ճերմակ ամպերի ուղարկած մարտահրավերը, վայելում ենք մեզ խանգարելու եկած անձրևի հեղեղը:
ՈՒղիղ մեկ ամիս առաջ փոփոխությունը գրկելու աստիճան շոշափելի էր, օդն այնքան թեթև էր, որ անկշռության զգացում ունեինք, ու տպավորություն էր, որ իրերն իրենց ճիշտ տեղերը վերադարձնելու ժամանակը հենց հիմա է, իրական պահն է, մենք հազարներով բղավում էինք ու ամրագրում այդ պահին տեր լինելու մեր իրավունքը:
Իմ 25-րդ ապրիլի 24-ը նման չէր նախորդ 24-ից ոչ մեկին: Համերգի ռիթմերը, բեմի լույսերը, մեր՝ ավելի լավը լինելու, արթուն ու տեր լինելու կոչերը հաստատող բղավոցները մտքիցս դուրս չէին գալիս: Ֆեյսբուքում ընկերներս զգացմունքային գրառումներ էին թողնում ու կիսվում համերգի նկարներով… Բայց ոգևորության ու համերաշխության ընդհանուր մթնոլորտում թաքնված հարցադրում էր ծնվում… հետո ի՞նչ...
Իսկ ի՞նչ էինք մենք տվել դրա դիմաց:
Ազատության «նվերը» մեզ մատուցվեց անվճար, առանց նախապայմանների: Մենք ընդունեցինք, վայելեցինք. ճերմակ ամպերից թափվող անձրևի տակ ազդարարեցինք, որ նոր ենք, արթուն ենք, պահանջատեր ենք… ռոք խումբը մեր բարձրախոսն էր, երգերը մեր մանիֆեստն էին, բոլորս շնչում ու ցատկում էինք նույն ռիթմով:
Իսկ երբ մարեցին բեմի լույսերը, երբ մենք վերցրինք մեր ստացած մի պատառ ոգևորությունն ու քայլեցինք Երևանի փողոցներով, դատարկ հրապարակում մնացին խոստումներն ու պահանջները, մեր՝ մեկ դարձած հազարների աղաղակի արձագանքը:
Ու հիմա՝ արդեն մեկ ամիս անց, ինչի՞ մասին ենք մենք խոսում: Ի՞նչ թեմաներ են մեր ուշադրության կենտրոնում: Չե՞նք վերադարձել մոխրագույն առօրյային: Ո՞ւր ենք մենք սպառել մեր կլանած ոգևորությունն ու լավատեսությունը: Այնքան էգոիստ էինք, որ չկիսվեցի՞նք: Չե՞նք խախտել ավելի լավն ու արթուն լինելու պահանջ-խոստումը: Թե՞ պարզապես հեշտ էր «հերոսանալ», երբ մեր փոխարեն խոսում էին բեմից:
Խնդիրն այն չէ, որ հրապարակում հավաքվածները պետք է մնային փողոցում ու հեղափոխություն իրականացնեին (երանի՜): Այլ այն, որ մենք հրապարակում ապրեցինք ծառաներին պահանջներ ներկայացնող Տեր-Քաղաքացի լինելու հաճույքը, բայց չապրեցրինք էդ զգացումը մեր հետագա քայլերում՝ ուր էլ որ տարան մեր քայլերը հրապարակից դուրս, լինի դա փողոցի պայքար, արվեստ, սպորտ, հասարակական-քաղաքական գործունեություն, թե առօրյա փոխհարաբերություններ…
ՈՒղիղ մեկ ամիս առաջ մենք մեր բաժին պատասխանատվությամբ քայլեցինք Հանրապետության հրապարակից՝ լինել ստեղծագործ, լինել նորարար, սիրել ու սիրով հարթել Նոր Հայաստանի ճանապարհը: Արթուն լինել:











