«Ստվերի գնահատականը ֆինանսների նախարարության ֆունկցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են». մայիսի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Հարցին, թե ո՞ր ոլորտներում է ստվեր եղել, որ նախարարությունը կարողացել է հայտնաբերել, նախարարը մատնանշեց բջջային օպերատորներին և առևտրի ոլորտը:
Հարցին, թե արդյոք կառավարությունը կկարողանա՞ զսպել էլեկտրաէներգիայի թանկացումը, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել ոլորտի պատասխանատուներին:
Հարցին, թե արդյոք կառավարության գործունեության արդյունքո՞ւմ չէ, որ շատ փոքր բիզնեսներ փակվում են, նախարարն արձագանքեց.
«Եթե կոնկրետ մի բիզնեսի օրինակ բերեք, կարող ենք քննարկել, ասել, թե ինչու է փակվում, պետք է խորանալ ու հասկանալ: Հնարավոր է՝ այն ունի վարկային ծրագրեր, չի կարողանում սպասարկել, ունի փոխկապակցված ձեռնարկություններ, ունի 5-10 նման խանութներ և իր բիզնես ծրագրում վերադասավորում է իր բիզնեսը և դրանցից մեկը փակում է, միգուցե փակում է, քանի որ վարձակալությունների հետ կապված խնդիր ունի»:
Նախարարն ընդգծեց, որ իրենք բոլորի նկատմամբ՝ «առանց բացառությունների, վարում են այն քաղաքականությունը, որ հարկային կարգապահությունը պետք է բարձրանա»:
Հարցին՝ արդյոք իր ընտանիքի անդամներից մեկին պատկանող որևէ բիզնես փակվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Դուք էդ հարցը տվեք իմ ընտանիքի այն անդամներին, ովքեր դրանով զբաղվում են»:
Լրագրողներից մեկ հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ֆինանսների նախարարությունը խոշոր գործարարներին ստվերից հանելու հետ կապված, նախարարը խնդրեց կոնկերտ անուններ հնչեցնել, ինչին ի պատասխան հնչեցին «Սամվել Ալեքսանյան» և «Ալեքսանդր Սարգսյան» [ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը - ՍիվիլՆեթ] անունները: Ալեքսանյանի հետ կապված Գագիկ Խաչատրյանը նկատեց, որ միայն հսկիչ դրամարկղային խախտումներով 250 միլիոնի ակտ է եղել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանին, ապա Գագիկ Խաչատրյանը չկարողացավ մտաբերել մի բիզնես, որը պատկանում է նրան: Դիտարկմանը՝ որտեղի՞ց գիտեք, որ իրենց պատկանող բիզնես չկա, նախարարը ժպտալով ասաց. «Ես էնքան շատ բան գիտեմ, բայց պետք է ստիպեք, որ ասեմ»:
Civilnet











