Գլխավոր Լրահոս

Քրդերը և Սփյուռքը համագործակցում են. Դավութօղլու

Քրդերը և Սփյուռքը համագործակցում են. Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հունիսի 7-ին Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, սկսել են հիշել հայերին, Հայոց ցեղասպանության հարցն ու Սփյուռքին՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, թե ինչքան հայհոյես դիմացինիդ և մեղադրես հայերի հետ գործակցության մեջ, այնքան հանրության աչքում նրանց հեղինակությունը կընկնի և դու շատ ձայն կհավաքես:

Թուրքիայի նախագահն ու վարչապետն իրենց թիրախում են պահում հատկապես Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), որը հանդես է գալիս քրդերի իրավունքների պաշտպանությամբ և Թուրքիայում ժողովրդավարություն ու իրավահավասարություն հաստատելու կոչերով:

Կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամեն ինչ անում է,  որ ԺԴԿ-ն չհաղթահարի 10%-ի շեմը և չհայտնվի խորհրդարանում: Եթե քրդամետ այս կուսակցությունը 10%-ի շեմը չհաղթահարի՝ արհեստականորեն աճելու են ԱԶԿ-ի պատգամավորական տեղերը մեջլիսում:

Հենց սա է հիմնական պատճառը, որ քարոզարշավի ընթացքում երկրի ղեկավարությունն անդադար քննադատում է ԺԴԿ-ին, համարում ահաբեկչական և այլն: Հայոց ցեղասպանության վերաբերյալ կուսակցության ոչ ժխտողական դիրքորոշումը նրան դարձնում է ավելի խոցելի: Թուրքական Show TV-ին տված հարցազրույցի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն մեջբերել է Սելահեթթին Դեմիրթաշի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետևյալ հայտարարությունը. «Դրանում քրդերն էլ ունեն իրենց պատասխանատվությունը, այդ պատճառով քրդերի անունից ես ներողություն եմ խնդում»: Հիշեցնելով Դեմիրթաշի խոսքերը՝ Ահմեդ Դավութօղլուն դիմել է Թուրքիայի քուրդ ընտրողներին. «Ինչպես կարող է (Ցեղասպանության մեջ) ձեզ մեղադրող մեկը լինել ձեր ներկայացուցիչը: Եթե նա ասում է՝ քրդերն ու թուրքերը նման բան են արել, ինչպես կարող է լինել Թուրքիայի մի մասնիկը:

Քանդիլ-Իմրալը-ԺԴԿ եռանկյունում կան հայերի ցեղասպանության պնդումներն առաջ քաշող մարդիկ, որոնք, նրանց խոսնակը լինելով, ձգտում են այս տարածքներում ռազմական գործողություններ ծավալել: Հենց նրանք են դեմ թուրք-քրդական խաղաղության գործընթացին: Սակայն կա մի հատված, որը Թուրքիայում ձգտում է հաստատել ժողովրդավարական քաղաքական մթնոլորտ: Մենք նրանց հետ կշարունակենք լուծման գործընթացը»:

Դավութօղլուն նաև հայտարարել է, որ Դեմիրթաշը հանդիպումներ է ունեցել և բանակցություններ վարել Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ:

«Ի՞նչ բանակցություններ է վարել, որ Թուրքիա վերադառնալուն պես սկսեց գործել Խաղաղության գործընթացի դեմ, ի՞նչ բանակցություններ է վարել, որ շարժվում է հայկական Սփյուռքի հետ համատեղ, Սփյուռքի,  որը հավակնություն ունի այն տարածաշրջանի վրա, որտեղ ընթանում է լուծման գործընթացը: Եթե գտնեն այս հարցի պատասխանը՝ կգնահատենք գործընթացը և ճիշտ ուղում կհայտնվենք: Լուծման գործընթացում  մենք շարունակելու ենք աշխատանքները  քաղաքական այս կամ այն ուղեգիծ որդեգրած բոլոր ուժերի հետ: Սակայն դրսի ուժերի հետ Թուրքիան անդամահատել ցանկացող  և Թուրքիայի հողերի վրա հավակնություններ ունեցող մարդկանց խոսնակը դարձած Դեմիրթաշն ու  նրա նման մի շարք գործիչներ, եթե նույնիսկ չհրաժարվեն նրանց խոսնակը լինելուց, իրենք՝ իրենց, մենք մեր ճամփով կգնանք: Մենք շարունակելու ենք խաղաղության գործընթացը՝ հիմք ընդունելով Թուրքիայի ժողովրդավարությունը»:

Նախագահականի փոխանցմամբ՝ մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Շանլըուրֆայում (Ուրֆա) առանց անուն տալու, սակայն հիմնականում նկատի ունենալով նույն ԺԴԿ-ին՝ հայտարարել է. «Մի՞թե քաղաքականություն է կոչվում այն, որ համագործակցում ես հայկական լոբբի հետ, որի միակ նպատակը Թուրքիայի ու նրա ժողովրդի դեմ թշնամանքն է»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում