Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում` որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, հայտարարել է Հովիկ Աբրահամյանը «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ մայիսի 26-ի հանդիպմանը, որի ընթացքում ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության է՛լ ավելի սերտ համագործակցության համար:
«Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամն ընդգծել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով և վստահ է, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
«Նախատեսում ենք նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում է՛լ ավելի ազդեցիկ դարձնել Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունը` ընդլայնել վերապատրաստման և կադրային կատարելագործման աշխատանքները, օժանդակել անհատներին և ընկերություններին նորագույն լուծումներով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, և աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ծնվեն»,- նշել է Դոն Գրանթամը:
***
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նորարարության ոլորտներում: Նախատեսվում է նաև Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:
Civilnet











