Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 27-ի նիստին խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը:
«Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը»,- ասել է նա:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրն այսօրվա նիստին ընդունել է որոշում, ըստ որի` բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2015թ. պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված առաջին կիսամյակի հատկացումների անբավարարության հետևանքով այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Civilnet











