Գյումրի, մայիսի 27, 2015թ.: Լուսանկարը Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:
Գյումրիում քիչ առաջ մեկնարկել է բողոքի երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ակցիայի շուրջ 300 մասնակիցները հավաքվել են Գյումրիի քաղաքապետարանի մոտ, որտեղ չթանկացման պահանջով բողոքագիր են հանձնել քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին: Ակցիայի մասնակիցները ձեռքներին պաստառներ ունեն՝ «Ոչ թանկացմանը» և այլ գրություններով: Այս պահին նրանք, ըստ Բարսեղյանի, շարժվում են դեպի մարզպետարան՝ բողոքագիր հանձնելու նաև մարզպետին: Նրա խոսքով՝ ցուցարարներին ուղեկցում է 40 ոստիկան, հավաքը խաղաղ է ընթանում, անկարգություններ կամ բախումներ չկա:
Այսօր ավելի ուշ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթ է նախատեսված նաև Երևանում:
***
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:
ՀԿԾՀ կայքում նույն օրը տեղադրվել էր տեղեկատվություն, ըստ որի` Հայաստանի գրեթե բոլոր խոշոր էլեկտրակայանները` ՀԱԷԿ-ը, «Սևան Հրազդան կասկադը», Երևանի ջերմաէլեկտրակայանը, Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «5-րդ բլոկը», դիմել են ՀԾԿՀ-ին` իրենց արտադրած էլեկտրաէներգիայի գնման գինը բարձրացնելու հայտով: Ընդ որում` արտադրողներն առաջարկում են իրենց արտադրանքի գները բարձրացնել էականորեն` մինչև 50%-ով:
Civilnet











