Մայիսի 29-ին Ջերմուկում կայացել է նորակառույց «Հայաթ Փլեյս» հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությունը, որը Եվրոպայի տարածաշրջանում բացված թվով 3-րդ հյուրանոցն է:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հյուրանոցի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ կառավարության համապատասխան որոշման շրջանակում մշակված՝ Ջերմուկի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է քաղաքը դարձնել ամբողջ տարի գործող՝ առողջ և ակտիվ կենսակերպի ու պատմամշակութային զբոսաշրջային կենտրոն՝ միջազգային պահանջներին համապատասխան: Ըստ նախագահականի պաշտոնական հաղորդագրության՝ «հենց այդ նպատակին է ուղղված՝ նորաոճ և հանրահռչակ «Հայաթ Փլեյս» բրենդին հարիր բարձրակարգ սպասարկմամբ Ջերմուկի «Հայաթ Փլեյս» նոր հյուրանոցի գործունեությունը»:
***
Հյուրանոցային համալիրի կառուցումն սկսվել է 2009թ. վերջերին և ավարտվել 2015թ. մայիսին: Այն բաղկացած է կենտրոնական և երկու` հարավային ու հյուսիսային մասնաշենքերից: Շինությանը հարող շուրջ 1 հա մակերեսով տարածքը բարեկարգվել է՝ ծառայելով որպես հանրային օգտագործման կանաչ գոտի: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 11.5 մլրդ դրամ: Համալիրի կազմում նախատեսված են ժամանցի և հանգստի գոտի, SPA կենտրոն և ջրաբուժարան` Ջերմուկի հանքային ջրով բուժական լոգարաններով, մարզադահլիճ, լողավազան և շոգեբաղնիք, մանկական սենյակ, բիզնես-կենտրոն, ռեստորան, կոնֆերանս դահլիճներ: Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոցը Եվրոպա տարածաշրջանում բացված թվով 3-րդ հյուրանոցն է:
Civilnet











